ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախօրեին գրություն է հասցեագրել ՀՀ Կառավարությանը՝ առաջարկելով կարծիքն ազատ արտահայտելու սահմանադրական իրավունքի երաշխավորմամբ քննարկել ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը իրավական կարգավորման ենթարկելու, դրա հիման վրա ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու հարցը:
Դատախազությունը պարզել է, որ վերջին տարիներին համացանցի լայն տարածման պայմաններում ահագնացել է ինտերնետային կայքէջերով, սոցիալական ցանցերով ազգային, կրոնական, սեռական կամ այլ խտրականություն, ՀՀ-ում շրջանառությունն արգելված նյութերի, այդ թվում թմրամիջոցների գովազդ, կամ վաճառքի բացահայտ հրավեր պարունակող կամ հանցավոր այլ դրսևորում ունեցող տեղեկատվության տարածումը:
Ներպետական օրենսդրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ լայն դիտելիություն ունեցող ինտերնետ ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը ՀՀ-ում իրավական տեսանկյունից ապահոված չէ, օրենսդրական կարգավորումները բացակայում են և որևէ մարմնի վրա տեղեկատվության անվտանգության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, դրանից բխող միջոցներ ձեռնարկելու իրավասություն դրված չէ:
Նման վերահսկողության բացակայության պայմաններում տեղեկատվական ռևսուրսները շարունակում են նման բովանդակության անարգել տարածումը՝ խեղաթյուրելով և չարաշահելով խոսքի ազատության ժողովրդավարական սկզբունքը: Մինչդեռ, մի շարք երկրներում, օրինակ՝ Գերմանիայում, Ռուսաստանում, Վրաստանում, առցանց ռեսուրսներով տարածվող տեղեկատվության անվտանգությունը կարգավորված է իրավական ակտերով:Այս առնչությամբ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:
Սամվել Մարտիրոսյանը հեգնեց` ՀՀ Գլխավոր դատախազը գնաց ՌԴ դատախազի հետ մի քանի օր շփվելուց հետո զուլում հայտարարություն արեց. «Դատախազության առաջարկը նման է` ինն հարկանի տան մեջ մի զինվոր տեսնես, շենքը ռմբակոծես»: