«ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը Հայաստանի Հանրապետության ամենաբարձր վճարվող պետական պաշտոնյան է: Սահակյանը որպես աշխատավարձ ստանում է ամսական 1 մլն. 425 հազար դրամ: Այս աշխատավարձը կազմված է երեք կոմպոնենտից`ՀՀ վերաքննիչ դատարանի քրեական պալատի նախագահի դրույքաչափ, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորի դրույքաչափ, աշխատանքային ստաժի հավելավճար:
Ամենաբարձր վճարվող պետական պաշտոնյանների երկրորդ հորիզոնականում Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանն է, որը նույն սկզբունքով ամսական ստանում է 1 մլն. 360 հազար դրամ աշխատավարձ:
Երրորդ հորիզոնականում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն է, որի ամսական աշխատավարձը կազմում է 1 մլն. 345 հազար դրամ:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի նախագահ Անատոլի Մաթևոսյանը ամենաբարձր վճարվող պետական պաշտոնյաների ցանկում չորրորդն է`1 մլն. 300 հազար դրամ աշխատավարձով: Հինգերորդ տեղում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը`1 մլն.190 հազար դրամ աշխատավարձով:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եզրափակում է առաջին վեցնյակը`1 մլն.176 հազար աշխատավարձով»,- գրում է «ՀԺ»-ն:
«Ընդգծենք, որ վերը բերվածը այսպես կոչված «կեղտոտ» աշխատավարձն է, այսինքն`հարկային պարտադիր պահումները հաշվարկված չեն. «մաքուր» աշխատավարձը, բնականաբար, ավելի քիչ է»,- հավելում է «ՀԺ»-ն:









































