ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը (Իգոր Խովաև) չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը, թվիթերում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն երեկ զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը. Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,- ասվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»:
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքագետ Դավիթ Ստեփանյանն արձանագրում է, որ Ռուսաստան-արևմուտք առճակատումը շարունակվում է և ընդունում է ավելի խորը ու խիստ ձևեր․ «Ընդհանուր առմամբ՝ հիմա պատասխանատվությունը փորձում են գցել իրար վրա, այն դեպքում, երբ Ռուսաստանն առաջինը փաստացի հրաժարվեց այդ ֆորմատից՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունով, երբ առանց Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի, Թուրքիայի օգնությամբ սկսեց գործել ղարաբաղյան կոնֆլիկտում։ Երկրորդ անգամ նույն բանն արեց արդեն արևմուտքը։ Հիմա գնում է պատասխանատվությունն իրրար վրա գցելու փուլը, և հայտարարությունը հենց այդ մասին է վկայում։ Այնպես չէ, որ արևմուտքը մեծ ցանկություն ունի այժմ Ռուսաստանի հետ գործ ունենալ՝ նաև այս կոնֆլիկտում և այնպես էլ չէ, որ շատ մեծ ցանկություն ունի նաև Ռուսաստանը։ Երկուսն էլ փորձում են ցույց տալ, որ այդ ցանկությունը կա և իրականում դիմացի կողմն է, որ խոչընդոտներ է հարուցում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Իրավիճակն ինչո՞վ է սպառնում հայկական կողմին և Արցախի կարգավիճակի հարցի լուծմանը, հարցին ի պատասխան, Ստեփանյանն ասաց․ «Մեզ առաջին հերթին սպառնում է նրանով, որ Մադրիդյան սկզբունքները անցյալում են։ Մենք պետք է հիշենք, որ հենց Մադրիդյան սկզբունքներն էին, որ Մինսկի խմբի համանախագահների այսպես կոչված «ոգին էր», նրանք էին ստեղծել Մադրիդյան սկզբունքները։ Ժամանակին մենք այդ սկզբունքներին չէինք համաձայնվում, բայց ցավով պետք է նշեմ, որ 44 օրյա պատերազմից հետո իրադրությունն այնպես է փոխվել, որ մեզ այսօր ձեռնտու է ցանկացած փաստաթուղթ, որտեղ նույնիսկ մակերեսորեն նշվում է Արցախի կարգավիճակի հարցը և այն, որ այդ կարգավիճակը պետք է լուծում ստանա։ Միանշանակ մեզ այսօր ձեռնտու է , որ Մինսկի խմբի համանախագահները գործեն ու գործեն միասին, քան թե լինեն այն պրոցեսները, որ կան հիմա, որովհետև մենք չգիտենք, թե այդ պրոցեսները ինչով են ավարտվելու։ Եվ այստեղ պետք է ամենակարևորը հաշվի առնենք Մինսկի խմբին դեմ է Ադրբեջանը»,-եզրափակեց նա։
«Առաջին լրատվական»-ը քաղաքագետ Արմեն Վարդանյանից հետաքրքվեց՝ նման պառակտվածության պայմաններում, հնարավո՞ր է առհասարակ Արցախի կարգավիճակի հարցը քննարկել․ «Հնարավոր է, բայց այլ հարց է, որ Ռուսաստանը դա չի ցանկանում և փաստացիորեն ռուս համանախագահի պահվածքը Բաքվում Լավրովի արած հայտարարության շարունակությունն է։ Լավրովը, հիշեցնեմ, հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբ այլևս գոյություն չունի։ Հիմա ռուսական կողմն ամեն ինչ անում է, որ ընդհանրապես որևէ կարգավիճակի հարց չքննարկվի ու ամեն ինչ մնա այս կերպ։ Այնպես որ կարծում եմ, որ այս իրավիճակը սպասելի էր»։
Վարդանյանը միևնույն ժամանակ ուշագրավ է համարում այն հանգամանքը որ Ռուսաստանն ինքն էր ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահներին մեղադրում, որ նրանք հրաժարվում էին Արցախի հարցով կոնտակտներ ունենալ ռուս համանախագահի հետ։ Քաղաքագետը հիշեցնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ մասին հայտարարել էր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը․ «Բայց դրանից հետո Հայաստան եկան ամերիկացի պաշտոնյաներ, որոնք հայտարարեցին, որ չնայած Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև եղած շատ սուր տարաձայնություններին, իրենք պատրաստ են Ղարաբաղի հարցով քննարկումներ ունենալ ռուս համանախագահի հետ։ Սա փաստորեն կոտրեց այն կեղծ նարատիվը, որ ստեղծել էր ռուսական կողմը, որ իբր ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահները չեն ուզում Ղարաբաղի հարցում ռուսական կողմի հետ համագործացել»։
Արմեն Վարդանյանը նաև գտնում է, որ այս պահին Արցախի կարգավիճակի հարցի լուծումն իրատեսական չէ․ «Բայց քննարկումներ պետք են գոնե լարվածությունը թուլացնելու նպատակով։ Տեսնում ենք, սակայն, որ Ռուսաստանին դա բացարձակապես ձեռնտու չէ։ Իրենց համար ներկայիս ստատուս-քվոն բավարար է»,-եզրափակեց նա։








































