Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։
ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար: Կոչ արվում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին:
Առաջին անգամը չէ, որ արբեջանցիները կեղծ տեղեկատվությամբ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում։ Այս իրավճակն ավելի սուր արտահայտում ուներ արցախյան երկրորդ պատերազմի օրերին և դրանից հետո, երբ ճիշտ տեղեկատվություն ստանալը գրեթե անհնարին էր դարձել։ Այս մասին խոսել ենք մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ, որը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խորհուրդ տվեց մեր հայրենակիցերին ամեն կարդացած նորությանը չհավատալ և չընդունել այն՝ որպես պարզ ճշմարտություն։
Փորձագետի խոսքով՝ ադրբեջանցիները կա՛մ կեղծ էջերով են անհեթեթ նորություններ տարածում, կա՛մ հաճախ իրական մարդկանց օգտահաշիվերն են կոտրում և գրում այն, ինչ իրենց է ձեռնտու։ Սակայն միայն քաղաքացիներն ամեն ինչ կանխել չեն կարող, որովհետև մարդիկ հավատում են նման նորություններին այն ժամանակ, երբ կա սակավ պաշտոնական տեղեկատվություն, այսինքն, մեծ հաշվով, նրանք հավատում են ֆեյքերին, երբ որևէ իրավիճակում չունեն հստակություն։ Խնդրի առաջացումն ու լուծումն ունի երկկողմանիություն, պետք է պարզապես շատ օպերատիվ, կանխարգելիչ և վստահելի տեղեկատվություն տալ հանրությանը, մարդիկ էլ փորձեն կամայական նորություններին չհավատալ և ստուգել լուրի աղբյուրները։








































