«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի գնահատմամբ՝ Հակակոռուպցիոն քաղաքականության բնագավառում շատ ցածր արդյունավետություն է․ «Տպավորություն է՝ քրգործ հարուցելով փորձում էին վախեցնել: Իշխանության վախի աչքերը մեծ են»:
Անդրադառնալով ընդդիմության պայքարին և այսօր արդեն Ֆրանսիայի հրապարակը ազատելուն, Հոկտանյանը նշեց, որ այն աջակցությունը, որն ակնկալում էր ընդդիմությունը չեղավ: Հոկտանյանը չի բացառում, որ ընդդիմությունը փողոց է դուրս եկել ապօրինի գույքը պահելու մոտիվներով, բայց դա չէր գերիշխողը․ «Արևմուտքում նորմ է, եթե ընդդիմություն ես, պետք է մաքուր լինես․ այստեղ դա արհամարհվում է: Թավշյա հեղափոխությունը եղավ, որովհետև մարդիկ զզվել էին այն ամենից, ինչ տեսնում էին: Ընդդիմությունը կարծում է իշխանությունները թույլ են տվել այնպիսի սխալներ, որ մոռացել են նախկինների արածը»:
Ըստ Հոկտանյանի՝ դժբախտություն է, որ չկա այն երրորդ ուժը, որ կարողանա լինել այլընտրանք և ներկաներին, և նախկիններին ․«Քաղաքացիները քաղաքական դաշտում սև ու սպիտակից դուրս այլ գույն չեն տեսնում: Պետք է մի օր գանք այն կետին, որ երրորդ հանրապետության ողբալի վիճակը բոլորիս մեղքով է»: