News Georgia-ին տված հարցազրույցի ժամանակ Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն անդրադարձել է այսօր՝ Ռուսաստանի կողմից Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախության ճանաչման երրորդ տարեդարձի օրը, Աբխազիայում տեղի ունեցող վաղաժամ նախագահական ընտրություններին.
«Ինձ թվում է, որ ինքնահռչակ Աբխազիայի նախագահական ընտրություններում կգրանցվի նաև երկրորդ տուր, որում կհայտնվեն Անկվաբն ու Շամբան, քանի որ, ամենայն հավանականությամբ, հենց նրանք կստանան քվեների մեծ մասը։ Նախնական տպավորություններով՝ մի փոքր գերադասելի են Անկվաբի հնարավորությունները, որի հնարավոր հաղթանակի դեպքում ես պետական կարևոր պոստերից և ոչ մեկում չեմ տեսնում Շամբայի ներկայությունը։
Եթե ընտրությունների ժամանակ Անկվաբը պարտվի, ապա նա կարող է վերադառնալ Մոսկվա՝ իր բիզնեսին, մինչդեռ Շամբան այդպիսի հեռանկարներ չունի։ Բնականաբար, ոչ ոք չգիտի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։
Գործնականում Վրաստանի համար նշանակություն չունի, թե ով կարող է հաղթել Աբխազիայի նախագահական ընտրություններում։ Ցանկացած թեկնածուի հաղթանակի դեպքում Վրաստանի համար գործնականում ոչինչ չի փոխվում։
Եթե մենք ինքներս չղեկավարվենք Աբխազիայի հանդեպ նոր մոտեցումներով ու գաղափարներով, եթե ստեղծագործ մտքեր չունենանք ու նախաձեռնությունը բաց թողնենք մեր ձեռքից, ապա Վրաստանի համար այժմեական չի լինի, թե ով կդառնա Աբխազիայի դե-ֆակտո նախագահը»։
Հիշեցնենք, որ հունիսի կեսերին Արեշիձեն պաշտոնական Թբիլիսիին խորհուրդ էր տվել ճանաչել Աբխազիայի անկախությունը. «Վրաստանը պետք է Աբխազիայի նկատմամբ այնպիսի քայլեր իրականացնի, որոնք Աբխազիան կհեռացնեն Ռուսաստանից։
Աբխազիայում տիրող իրավիճակը լավատեսության ոչ մի հիմք չի տալիս։ Աբխազները գտնվում են Աբխազիայից վտարվելու և անհետանալու վտանգի տակ։ Աբխազներին պետք է փրկել ձուլումից։ Մենք պետք է հատուկ միջոցներ ձեռնարկենք ոչ թե Աբխազիան, այլ աբխազներին վերադարձնելու ուղղությամբ՝ ծայրահեղ դեպքում նրա համար, որպեսզի կանգնեցնենք նրանց ասիմիլացումը հենց Աբխազիայի տարածքում։
Վրաստանը պետք է Աբխազիայի անկախությունը ճանաչի որոշակի նախապայմաններով, ինչպիսին է, ասենք, փախստականների վերադարձը։ Մենք պետք է այնպիսի անսպասելի քայլ կատարենք, որը կզինաթափի մրցակցին, այսինքն՝ որոշակի սեպ կխրի նրա և աբխազների միջև։ Եթե ինձանից կախված լիներ, ապա ես հենց այսօր անկախություն կտրամադրեի Աբխազիային»։









































