Վրաստանի պաշտպանության նախարարության ազգայն գվարդիան եւ Նորվեգիայի ներքին գվարդիան ստորագրել են համագործակցության հնգամյա պլան, որը նկատի ունի այդ թվում նաեւ համատեղ վարժանքներ: Հունիսի 2-ին այդ մասին հայտնում Է Վրաստանի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը: «Վրաստանի ազգային գվարդիան եւ Նորվեգիայի ներքին գվարդիան ձեւակերպել են համագործակցության երկկողմ պլան, որով սահմանվել են հաջորդ հինգ տարվա հիմնական ուղղությունները: (…) Հնգամյա պլանի նպատակն Է հրամանատարա-շտաբային վարժանքների անցկացումը գումարտակների, բրիգադների եւ շտաբների մակարդակով»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Փաստաթուղթը նաեւ ենթադրում Է տարածքային պահեստազորի ստորաբաժանումների պատրաստման հայեցակարգի համատեղ մշակում եւ իրականացում, հավելել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում: Վրացական կողմից համագործակցության պլանն ստորագրել Է Ազգային գվարդիայի հրամանատար բրիգադային գեներալ Ռոման Ջոխաձեն, իսկ նորվեգական կողմից՝ Ներքին գվարդիայի փոխհրամանատար բրիգադային գեներալ Մարտեն Էգգենը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: