Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ՝ այսօր տեղական ժամանակով ժամը 14.30-ին Անկարայի նախաձեռնությամբ ու համանախագահությամբ և Լիբիայի Ազգային անցումային խորհրդի մասնակցությամբ Ստամբուլում քաղաքական տնօրենների մակարդակով մեկնարկելու է Լիբիայի գծով միջազգային շփման խմբի նիստը։
Նիստի աշխատանքներին մասնակցելու են աշխարհի 20 երկրների ներկայացուցիչներ՝ Լիբիայի գծով միջազգային շփման խմբի բոլոր անդամներն ու ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի ու Արաբական լիգայի ներկայացուցիչներ։
Նիստը բացելու է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Նիստի մասնակիցներն աշխատելու են գործողությունների ընդհանուր պլանի վրա, քննարկվելու է Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո Լիբիայի «ճանապարհային քարտեզը»։
Քննարկման հիմնական թեման լինելու է Լիբիային ռազմական, քաղաքական ու տնտեսական օգնություն ցուցաբերելը։ Լիբիական կողմը, մատնանշելով Թուրքիայի տրամադրած 100 միլիոն դոլարի օգնությունը, աջակցության խնդրանքով դիմելու է մյուս երկրներին ևս։
Հիշեցնենք, որ Լիբիայի գծով միջազգային շփման խումբը ստեղծվել է այս տարվա մարտին՝ Լոնդոնյան կոնֆերանսից հետո։ Ավելի քան 40 անդամ կամ դիտորդ երկիր ունեցող այդ խումբը ցայժմ անցկացրել է 4 ժողով։ 5-րդ ժողովը պլանավորված էր սեպտեմբերին՝ Նյու Յորքում, սակայն Քադաֆիի ռեժիմի տապալման գործընթացի արագացման պատճառով Թուրքիան նախաձեռնեց օգոստոսի 25-ի Ստամբուլի այս ժողովը։









































