Նախօրեին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:
Հանդիպմանը քննարկված հիմնական թեման Կապանում Իրանի բացվելիք հյուպատոսությունն էր ու այդ համատեքստում Սյունիքի և ԻԻՀ միջև տարբեր ոլորտներում համագործակցության խորացման ու ամրապնդման ուղղությամբ տարվելիք աշխատանքը։ Հանդիպմանը դեսպանը հիշեցրել է Իրանի դիրքորոշումը ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության վերաբերյալ և նշել, որ բոլոր երկրները պետք է դա հարգեն․«Մեզ համար անընդունելի են հաղորդակցության ուղիների շուրջ միջանցքների վերաբերյալ հնչող արտահայտությունները, մենք կարծում ենք, որ ՀՀ-ն պետք է պահպանի իր տարածքային ամբողջականությունը»։
Այս առնչությամբ, Թեհրանում լույս տեսնող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Հասկանալի է, որ երբ տարածաշրջանային մեծ պետությունները նման հայտարարություններ են անում, բնականաբար, խոսքը պատերազմի մասին չէ: Այստեղ կարող են պետությունները նաև այլ գործողությունների դիմել, օրինակ, զորավարժությունների անցկացում, և այդ միջոցով ճնշում բանեցնել այն կողմի նկատմամբ, որն ագրեսիվ դիրքորոշումներով է հանդես գալիս, ինչը մենք տեսանք 44-օրյա պատերազմից հետո, երբ իրանական զորքերը հայտնվեցին Ադրբեջանի հետ սահմանին: Այդ զորավարժություններով Իրանը հասկացնել տվեց, որ իր համար սահմանների փոփոխությունները անընդունելի են և դրա համար ինքը պատրաստ է որոշակի դիրքորոշում ցուցաբերել ու քայլերի դիմել: Նման ելույթներ, հայտարարություններ պարբերաբար լինում են:
Այդ ժամանակվանից Իրանը հավատարիմ մնալով իր հայտարարություններին՝ կապված իր կողմից բարձրաձայնվող կարմիր գծերի հետ, նույն գիծը շարունակում է նաև այսօր: Այս հարցը իր դրսևորումն է ստանում նաև տնտեսական և միջանցքների մասին հայտարարություններում»,-ասաց նա:
Մովսես Քեշիշյանի խոսքով, Ադրբեջանը խոսում է այն մասին, որ քանի դեռ չկա Նախիջևանի հետ կապը չկա Հայաստանի տարածքով, այդ կապն անցնում է Իրանով. «Թուրքիային դուր չի գալիս, որ Ադրբեջանը օգտվի իրանական միջանցքից և հասնի Նախիջևան, քանի որ դրանով Իրանն իր ազդեցության տակ կպահի Ադրբեջան-Նախիջևան հարաբերությունը: Ադրբեջանն էլ նույն թուրքական աշխարհ կազմելու ոգով շարժվելով փորձում է վարել նույն քաղաքականությունը, ինչ Էրդողանը: Նրանք խոսում են տարածաշրջանում միջանցքների մասին, որոնք բնականաբար, և Հայաստանի, և Իրանի համար անընդունելի է: Ռուսաստանը ևս հայտարարել է, որ դա անընդունելի է, թեև ոչ Իրանի ու Հայաստանի նման հստակ: Նման միջանցքի գոյությունը, բնականաբար, Իրանի շահերից չի բխում, և նա ամեն ինչ կանի դրա դեմն առնելու համար:
Այսօր դժվար է ասել, թե ինչ քայլերի է պատրաստ Իրանը գնալ՝ այդ ծրագրերը ձախողելու համար, մյուս կողմից դժվար է ասել, որ Ադրբեջանը կգնա նման սրման, քանի որ իրենք էլ հասկանում են, Իրանը բավական միջոցներ ունի ճնշելու և Ադրբեջանին, և Նախիջևանին, և անգամ Թուրքիային»,-ասաց նա:
Անդրադառնալով Սյունիքում Իրանի հյուպատոսարան բացելուն, Քեշիշյանն ասաց. «Երբ որևէ երկիր, որևէ շրջանում, մանավանդ նման տարածքներում հիմնում է հյուպատոսարան, դրանով ուզում է ցույց տալ, որ կարևորում է այդ շրջանի հետ հարաբերությունը: Եթե Իրանը Սյունիքում, իսկ Հայաստանը Թավրիզում հյուպատոսարաններ են հիմնում, դրանք օգնում են, որ երկու երկրները սահմանային առումով ավելի բարեկմական հարաբերություններ ունենան ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու անվտանգային առումներով: Սա կարող է շատ օգտակար լինել երկու կողմերի համար, և պետք է հաշվի առնել, որ նման քայլերի գնալով Իրանը փորձում է ցույց տալ, որ Սյունիքը պաշտպանելու հարցում ինքն ընդհանուր շահեր ունի Հայաստանի հետ, որ Սյունիքը շատ կարևոր օղակ է Իրանը ԵԱՏՄ-ին կապելու առումով, Իրանի համար այլընտրանքային ճանապարհ է»:










































