Չճանաչված Մերձդնեստրի նախագահ Վադիմ Կրասնոսելսկին Անվտանգության խորհրդի նիստ է անցկացրել։ Անվտանգության խորհուրդը հայտնել է, որ վերջին երկու օրվա ընթացքում ահաբեկչություններ են իրականացվել, այդ թվում՝ զորամասի վրա։ Ամբողջ հանրապետությունում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի «կարմիր» մակարդակ։ Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»։ Անվտանգության խորհրդի տվյալներով՝ Մերձդնեստրում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով տուժել են Տիրասպոլ քաղաքում պետական անվտանգության նախարարության շենքը, Պարկանի գյուղի մոտ գտնվող զորամասը և Մայակ գյուղի մերձակայքում գտնվող ռադիոհեռուստատեսության կենտրոնի աշտարակները։
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել է, որ Մերձդնեստրի պայթյունները կապված են հակառակորդ ուժերի տարաձայնությունների հետ, որոնք «պատերազմի կողմնակից են»։ Նա հավելել է, որ Մոլդովայի կառավարությունը դեռ տեղեկություններ է հավաքում միջադեպերի մասին։ «Ըստ մեր տեղեկությունների՝ էսկալացիայի փորձերը կապված են Մերձդնեստրում գտնվող ուժերի հետ, որոնք հանդես են գալիս պատերազմի օգտին և շահագրգռված են իրավիճակի ապակայունացմամբ, սակայն մենք շարունակում ենք տեղեկություններ հավաքել», – ճեպազրույցում ասել է Սանդուն: