Ապրիլի 23-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։
Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Շառլ Միշելին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը ցուցաբերած աջակցության համար, այդ թվում՝ սահմանների սահմանազատման և սահմանագծման, երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի պատրաստման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացում։
Ալիևը Միշելին տեղեկացրել է, որ Բաքուն կատարել է բրյուսելյան պայմանավորվածությունների իր մասը և ադրբեջանական կողմը որոշել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ազգային հանձնաժողովի և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման պատվիրակության կազմը:
Ադրբեջանի նախագահը հայտարարել է նաև «Բաքու-Երևան» ձևաչափով բանակցությունների պատրաստակամության մասին և նշել խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների համար Ադրբեջանի ներկայացրած հինգ սկզբունքները որպես հիմք ընդունելու կարևորությունը։
Նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ շարունակելու է ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման ուղղությամբ։