Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնական այց է կատարում Ռուսաստան, որի ընթացքում կլինի հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը հանդիպելու է նաև վարչապետ Միշուստինին, ՌԴ Պետդումայի երկու պալատների խոսնակներին, ինչպես նաև այցելելու է Նիժնի Նովգորոդ: Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքում փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ:
Այցի ձևաչափը անկասկած խոսուն է, հատկապես հաշվի առնելով այն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր Մոսկվա պաշտոնական այց կատարում է առաջին անգամ: Մոսկվա և Ռուսաստանի Դաշնություն նրա նախորդ բոլոր այցերը ունեցել են աշխատանքային ձևաչափ: Ռուսական կողմը ազդարարելով Հայաստանի վարչապետի այցը, պաշտոնական քարոզչության հարթակում այն բնորոշել է առկա իրադրության պայմաններում առանձնահատուկ նշանակություն ունեցող:
Ինչն է Ռուսաստանի համար Հայաստանի վարչապետի այցի առանձնահատկությունը՝ պաշտոնական ձևաչա՞փը, որն աննախադեպ է, թե՞ առանձնահատկությունը կունենա ոչ միայն արարողակարգային, այլ նաև օրակարգային-բովանդակային դրսևորում՝ պարզ կլինի թերևս այցի ընթացքում կամ արդյունքում: Կրեմլը պաշտոնապես ազդարարել է, որ քննարկումները ներառելու են թե երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր, այդ թվում տնտեսական բնույթի, նաև հայ-ռուսական ռազմավարական հարաբերությանն առնչվող, և թե հարցեր կապված ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, այդ համատեքստում նաև եռակողմ հայտարարությունների կատարման:
Հայաստանի վարչապետի մոսկովյան այցը առիթ է տվել գնահատականների, որ Ռուսաստանը կփորձի այցի ընթացքում ճնշում բանեցնել Հայաստանի վրա՝ Ադրբեջանի հետ համաձայնությունների գնալու: Մոսկվա գնալուց առաջ Հայաստանի վարչապետը խորհրդարանում ունեցավ իր աղմկոտ ելույթը, որը Հայաստանում հանգեցրեց նաև խորհրդարանական ընդդիմության ակտիվացման: Դրան զուգահեռ, Հայաստան այցելեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի, հետո ամերիկացի համանախագահները: Մինչ այդ էլ եղավ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի չաշխատելու վերաբերյալ Լավրովի հայտարարությունը, դրանից էլ առաջ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը Բրյուսելում:
Մտադի՞ր է Ռուսաստանը գնալ որևէ ճնշման, թե ոչ, շատ բարդ է ասել: Կարո՞ղ է արդյոք այդ մտադրությունը պայմանավորված լինել նրանով, որ Երևանը դիմադրում է ուկրաինական հարցում Ռուսաստանին աջակցելու պահանջից: Այդ հարցերը իհարկե ունեն գոյության իրավունք, միևնույն ժամանակ գոյության իրավունք ունի նաև հարցը, թե կա՞ արդյոք Մոսկվայից այդպիսի պահանջ Հայաստանի հանդեպ: Ի վերջո, ի՞նչ է ավելացնելու Հայաստանի աջակցությունը Մոսկվայի համար:
Մյուս հարցն էլ թերևս այն է, որ Ուկրաինայում շատ զգայուն գործընթացի մեջ մտած Ռուսաստանը կարող է կասկածներ ունենալ Կովկասի իր թիկունքում՝ եվրոպացիերին կամ ԱՄՆ դիվանագիտական աշխուժության համատեքստում, և այդ կասկածների «բերումով» էլ փորձի ձգել Հայաստանի «կապերը»: Սրան զուգահեռ, եթե Արևմուտքի համար Ադրբեջանը կամ Թուրքիան, կամ՝ Ադրբեջանը և Թուրքիան դիտվեն ՌԴ հանդեպ ճնշման միջոց և լինեն այդպիսի տրամադրություններ, ապա այդ դեպքում էլ Մոսկվան կփորձի իր «վախերը» կապիտալիզացնել Հայաստանի դեմ ճնշումով:
Անկասկած է, որ Մոսկվայում Փաշինյանին սպասում է բավականին բարդ խոսակցություն, կապված թե վերը նշված հանգամանքների հետ, թե նաև Արցախում տեղի ունեցած «փարուխյան» իրադարձություններին, որոնց հարցում ՌԴ խաղաղապահների գործողությունների հետաքննության հարցը Նիկոլ Փաշինյանը երկու անգամ բարձրացրել է ՌԴ նախագահի հետ տեղի ունեցած հեռախոսազրույցներում: Կհնչի՞ հարցը դեմ առ դեմ հանդիպմանը, թե՞ Նիկոլ Փաշինյանը կլռի, դրա դիմաց ակնկալելով նաև, որ Ռուսաստանն էլ իր հերթին Հայաստանի առաջ չի բարձրացնի տհաճ հարցեր:









































