«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ», – Ազգային ժողովի ամբիոնից նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ -«Հակառակ դեպքում, ասում է միջազգային հանրույթունը, խնդրում ենք մեզ վրա հույս չդնել, ոչ թե այն պատճառով, որ մենք չենք ուզում ձեզ օգնել, այլ այն պատճառով, որ մենք չենք կարող ձեզ օգնել»։
Հայաստանի վարչապետը նաև նշեց՝ խաղաղության օրակարգ այլընտրանք չունի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը, որքան հնարավոր է արագ, մտնում է պլանների մեջ, իսկ ձևաչափն ու ժամանակացույցը, ըստ Փաշինյանի, դեռ պետք է քննարկվեն։
Գործադիրի ղեկավարը չբացառեց, որ Ադրբեջանը փորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի և Արցախի դեմ նոր ագրեսիվ գործողությունների առիթ։
Նույն հաշվարկը Երևանն ունի նաև դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ։ Ըստ վարչապետի՝ չի բացառվում, որ Ադրբեջանն այդ գործընթացն օգտագործի՝ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձևակերպելու համար՝ դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի․«Հասկանալով և հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները` մենք եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը և գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը։ Այս է պատճառը, որ մենք նաև դելիմիտացիայի հարցում ենք Բրյուսելում եկել համաձայնության մինչև ապրիլի վերջը ստեղծել դելիմիտացիայի և սահմանային անվատնգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով և սկսել աշխատանքը», – հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանը նաև նշել է, որ միջազգային հանրություն ակնկալում է, որ մենք կճանաչենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Փաշինյանը սակայն չի հստակեցրել՝ այդ պարագայում ի՞նչ է լինելու Ղարաբաղի կարգավիճակի հետ։
Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Ազգային ժողովի շենքից Փաշինյանը բացի ինքն իրենից բոլորին մեղադրեց։ Տարասովը չի գտնում, թե միջազգային հանրությունն է այսօր Հայաստանից պահանջում իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը․ «Հասկանում եք՝ Փաշինյանը պարտվել է պատերազմը։ Մինչդեռ ազնիվ լինենք խոստովանելու, որ ինքը ժառանգություն էր ստացել մի այնպիսի իրավիճակ, երբ 7 շրջաններ գտնվում էին Հայաստանի վերահսկողության ներքո և հնարավոր էր անցկացնել հայտնի օպերացիան՝ շրջաններ կարգավիճակի դիմաց։ Այդպիսի սցենարները բոլորին են հայտնի, մինչդեռ Փաշինյանը չեղարկեց բանակցային բոլոր գործընթացները, ինչպես ինքն է ասում՝ սկսեց բանակցություններն իր կետից և որ ամենակարևորն է գնաց Ռուսաստանի հետ հարաբերությունները սրացմանը։ Գնալով պարտության էլ, նա ստիպված եղավ հանձնել շրջանները ոչ մի բանի դիմաց ու հիմա մեղադրում է բոլորին բացի իրենից, ինչքանո՞վ է դա ազնիվ»։
Ըստ մեր զրուցակցի՝ բոլորին է հասկանալի, որ այդ նույն միջազգային հանրություն ամենևին էլ Ադրբեջանի կողմնակիցը չէր, ինչպե՞ս ստացվեց, որ հիմա նման պահանջ է ներկայացնում․«Ստացվում է, որ հիմա Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին ակնարկով Փաշինյանը հրաժարվում է ղարաբաղից, որովհետև հասկանալի է, որ այդ ճանաչման դեպքում Ղարաբաղը կլինի Ադրբեջանի կազմում, ղարաբաղցիների ճակատագիրն էլ մածամասամբ կորոշվի ադրբեջանի կողմից, գուցե մասնակիորեն էլ ռուս խաղաղապահների, որոնք այս պահին ապահովում են նրանց անվտանգությունը։ Ահա և վերջ։ Եթե Հայաստանում ապրող հայերին այս սցենարը ձեռնտու էր և ընտրություններով Փաշինյանը մանդատ է ստացել, ուրեմն ահա այսպես էլ իրադարձությունները կզարգանան, ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը կամ միջազգային հանրությունը»։
Քաղաքագետը համոզված է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով Հայաստանը կճանաչի նաև Ղարաբաղն Ադրբեջանի կազմում և հավանաբար հենց այդ մասին է այսօր իր ելույթում ակնարկել ՀՀ ղեկավարը։
Ստանիսլավ Տարասովը նշում է, որ Մոսկվան որևէ բան Հայաստանի փոխարեն չի անելու, եթե Ռուսաստանին այդ հարցը առհասարակ հետաքրքրեր՝ Ղարաբաղն իրեն կմիացներ, քանի որ Երևանը հրաժարվել է ճանաչել Արցախի անկախությունը․ «Մեզ համար տարօրինակ է, ինչո՞ւ Երևանն այսքան ժամանակ չի ճանաչել Արցախի անկախությունը, ինչու՞ է վարում բանակցություններն այդ ձևով, որով որ վարում է։ Նշանակում է՝ հայերին դա ձեռնտու է, եթե մեծ բողոքի ալիքներ չկան։ Ուրեմն հենց այս սցենարով էլ իրադարձությունները կզարգանան»։
Մեր զրուցակիցն ընդգծեց, որ այլևս որևէ խոչընդոտ չկա խաղաղության պայմանագրի ստորագրման համար․ «Չէ՞ որ ստացվում է, Երևանը հրաժարվում է Ղարաբաղից, էլ ի՞նչ խոչընդոտներ կան այդ պայմանագրի ստորագրման հարցում»,-եզրափակեց նա։










































