74 տարեկանում մահացել է Բնապահպանության և շրջակա միջավայրի նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանը: «Ֆեյսբուք»-ի իր էջում այդ մասին գրել է նրա դուստր Լիլիթ Օհանյանը:
Կարինե Դանիելյանը ծնվել է 1947 թ․ Երևանում:1964-1970 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաֆիզիկայի բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ: 1971-1974 թթ․ սովորել է ԳԱԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի ասպիրանտուրայում: 1994-1996 թթ․ սովորել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դոկտորանտուրայում: 1975 թ․ ստացել է կենսաբանական գիտությունների թեկնածուի աստիճան (կենսաքիմիա), 1999 թ. դարձել է աշխարհագրական գիտությունների դոկտոր (գեոէկոլոգիա, սոցիալ-տնտեսական աշխարհագրություն):
241 գիտական հրապարակումների (39 մենագրություն ներառյալ) հեղինակ է։ 1976-1980 թթ․ եղել է ԳԱԱ Փորձարարական կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող:1980-1985 թթ․ եղել է ԳԱԱ Կենսոլորտի հիմնախնդիրների գիտական խորհրդի գիտական քարտուղար և ԵՊՀ դասախոս:
1990-1991 թթ․ եղել է Երևան քաղաքի փոխքաղաքապետ բնապահպանության և առողջապահության գծով:
1991-1994 թթ․ զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնը:
1995-2013 թթ․՝ աշխատել է Երևանի պետական համալսարանում (դոցենտ, ապա պրոֆեսոր):
1995 թվականից ՄԱԿ-ի /UNDP, UNEP, UNICEF/ ազգային փորձագետ է:
2012 թվականից եղել է Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարան էկոլոգիայի և կայուն զարգացման ամբիոնի վարիչը:
2018 թ․ ընտրվել է Հանրային խորհրդի Բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ: