Business-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին նորաբաց Անակլիա առողջարանում հայտարարել է, որ Վրաստանի զբոսաշրջության արդիականացման պլանի համաձայն՝ 2015 թվականին Վրաստան կայցելի մոտ 7-8 միլիոն զբոսաշրջիկ.
«2013 թվականին այստեղ կլինեն հազարավոր հյուրանոցային համարներ։ Դա նշանակում է տարեկան 200,000 հանգստացող։ Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ 2013 թվականին այստեղ իրենց հանգիստը կանցկացնի 200,000 մարդ։ Դա ավելին է, քան օրինակ Աջարիայում էր Ասլան Աբաշիձեի ժամանակաշրջանում։ 2015 թվականին այստեղ հանգստացողների քանակը կկազմի 400,000 մարդ։
Այս տարվա հոկտեմբերին կմեկնարկի Փոթի-Անակլիա ճանապարհի շինարարությունը, որը կձգվի ծովի երկայնքով և հնարավորություն կընձեռի Փոթիից Անակլիա հասնել 15 րոպեում, իսկ մինչև Բաթում՝ 50 րոպեում»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարում էր, որ եթե տարեկան Վրաստան այցելի 5 միլիոն զբոսաշրջիկ, ապա վրացական գինին կարող է սպառվել երկրի ներսում և այլևս չարտահանվել։






































