Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Փարիզում գտնվող Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի ԱԳՆ-ին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության առաջին քարտուղար Էլման Աբդուլաևը։
Նոտա հղելու համար պատճառ է հանդիսացել Հայաստանի կողմից «Ադրբեջանի օկուպացված տարածք» ֆրանսիացի խորհրդարանականների կատարած «ապօրինի» այցը։
Աբդուլաևի խոսքերով՝ ֆրանսիացի խորհրդարանականները կներառվեն Ադրբեջանի «սև ցուցակում»՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ ցուցաբերած «անարգանքի» և Լեռնային Ղարաբաղ այցելելու կապակցությամբ Ադրբեջանի համապատասխան պետական կառույցներին նախապես չիրազեկելու համար: «Իր նամակում Բաքուն բացատրություն է պահանջում ֆրանսիացի խորհրդարանականների կողմից «Ադրբեջանի օկուպացված տարածքներ» այցելելու կապակցությամբ»,- ասել է Աբդուլաևը։










































