Այս տարի լրանում է Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 90-ամյակը։
Դեռ 2019-ին կառավարությունը որոշում ընդունեց այդ նպատակի համար հատկացնել 3 միլիոն 281 հազար դրամ։ Նախատեսվում է արձանը տեղադրել նրա անունը կրող մարզահամերգային համալիրի դիմաց։ Ինչո՞ւ մինչ այժմ այն տեղադրված չէ և ընդհանրապես, ինչ միջոցառումներ են նախատեսված Կարեն Դեմիրճյանի 90-ամյակի առթիվ։
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հիմա քանդակը մեծացման փուլում է, այսինքն՝ ֆինանսավորման խնդիրը լուծվել է, մոտ օրերս գումարը կփոխանցվի քանդակագործին: Մի քիչ ժամկետի խախտում կա, բայց ամեն ինչ կհասցնեն:
Քանդակագործ Սարգիս Բաբայանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ գործընթացն ընթացքի մեջ է. «Հիմա պետք է մեծացման աշխատանքներն սկսենք: Հուսով եմ, որ կհասցնենք այս տարի ավարտել և մինչև դեկտեմբեր արձանը կտեղադրենք: Եթե գոնե ապրիլին սկսենք, մինչև դեկտեմբեր կավարտենք: Ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ ամեն ինչ ժամանակին անենք ու տեղադրենք արձանը»,-ասաց նա:
Քանդակագործը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը գումարը մաս-մաս է փոխանցում. «Հիմա գումարի երկրորդ մասը փոխանցելու ընթացքի մեջ ենք: Մաս-մաս անում ենք, գումարը փոխանցվում է:
Բնականաբար, պետք է գումարը փոխանցվի, որ աշխատանքները կարողանանք շարունակել: Հիմա արդեն ծավալով մեծ աշխատանքներ ենք անելու, առանց գումարի հնարավոր չէ առաջ շարժվել: Ես սպասում եմ, որ գումարը փոխանցվի, որ շարունակեմ աշխատանքը»:
Հարցին, թե արդյոք Դեմիրճյանների ընտանիքից հետաքրքրվում են, թե երբ է տեղադրվելու արձանը, Սարգիս Բաբայանը պատասխանեց. «Ռիմա Դեմիրճյանի մահից հետո մեկ անգամ ենք իրենց ընտանիքի հետ կապ ունեցել: Ճիշտն ասա, իրենք հիմա վշտի մեջ են, ես չեմ ուզում անհանգստացնել իրենց, իրենք էլ երևի կհետաքրքրվեն մոտ ժամանակներս»:









































