ՀՀ կառավարությունը օրերս որոշեց ՀՀ Կենտրոնական բանկին տրամադրել 77 մլրդ դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակ` դրանով իսկ փակելով ԿԲ-ի վնասը: Մեր օրենսդրությունը, ըստ ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի, նախատեսում է նման բան:
«ԿԲ-ն շահույթ չհետապնդող կառույց է և օրենքում ասվում է, որ երբ ԿԲ-ի եկամուտները գերազանցում են ծախսերը և կանոնադրական խնդիրները լուծելուց հետո շահույթի ազատ մնացորդը փոխանցվում է բյուջե, և հակառակը: Անկախությունը ապահովելու նպատակով, օրենքը երաշխավորում է նաև, որ Կենտրոնական բանկը կատարի օրենքով սահմանված իր ծախսերը: Այսինքն` եթե լինում է պակասորդ, ապա կառավարությունը պետք է փոխհատուցի այդ ծախսերը: Փոխհատուցման եղանակը ևս սահմանել է օրենքը` ԿԲ-ն թողարկում է արժեթղթեր, իսկ կառավարությունը ձեռք է բերում դրանք: Սա իր էությամբ էմիսիոն բնույթի ծախս է, քանի որ բյուջեն չվաստակած եկամուտների հաշվին է անում ծախսը, մյուս կողմից սա նաև շուկայական է, որովհետև պարտատոմսը շուկայական գործիք է և կառավարությունը հնարավորություն ունի կանխել ինֆլյացիոն հետևանքները»,- բացատրեց Բ. Ասատրյանը` հավելելով, որ ԿԲ ծախսերի նախահաշիվը, կապիտալ ներդրումների ու վարչական ծախսերի առավելագույն մակարդակները հաստատում է Ազգային ժողովը:
Սակայն ԿԲ-ն արդեն որերորդ տարին է աշխատում է վնասով և հարկատուներն են վճարում այդ ամենի համար: Սա այն դեպքում, երբ ի տարբերություն 90-ականների, այսօր ԿԲ-ն շուկայի մասնակից է, թողարկում է արժեթղթեր, որոնք եկամտաբեր գործիքներ են: Ինչո՞ւ այս պայմաններում ԿԲ-ն չի կարողանում ապահովել իր ծախսերը կամ ինչո՞ւ են աճում այդ ծախսերը: Արդյոք ԿԲ մոտ 800 աշխատողները աշխատում են աշխատավարձին համապատասխան:
Անդրադառնալով այս հարցերին Բ.Ասատրյանը նշեց, որ բարձր աշխատավարձերը անհրաժեշտ պայման են, որպեսզի սահմանափակվեն կոռուպցիոն ռիսկերը: «Դրա հետևանքն է, որ այսօր ԿԲ-ն բավականին արդյունավետ է գործում, այնտեղ կոռուպցիայի մակարդակը շատ ավելի ցածր է, քան պետական վերահսկողական գործառույթ իրականացնող որևէ այլ օղակում»,- եզրափակեց Բ. Ասատրյանը:








































