Հայաստանում աշխուժորեն քննարկվում է Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով հայ-ադրբեջանական բանակցության վերսկսման հնարավորությունը, հաշվի առնելով այն, որ համանախագահ երկրները ներկայումս գործնականում անուղղակի թեժ պատերազմի մեջ են Ուկրաինայի տարածքում: Այդ հանգամանքը անշուշտ էական ազդեցություն ունի, և արդեն իսկ ունեցել է համանախագահության գործունեության վրա:
Մասնավորապես 2021-ի օգոստոս-սեպտեմբերից նշմարվող աշխուժությունը կանգ առավ նոյեմբերից, երբ Ֆրանսիայում տեղի ունեցավ այդ ձևաչափի ներքո վերջին հանդիպումը և դրանից հետո համաշխարհային իրադարձությունների կիզակետը դարձավ Ուկրաինան, որի շուրջ սկսեց ռազմական կուտակումներն ու դիվանագիտական ինտենսիվ խաղը: Այն շարունակվելու է երկար, սա թերևս վեր է կասկածից, ըստ այդմ իրապես առաջանում է հարցը, թե որքանով է իրատեսական Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի անմիջական աշխատանքը հայ-ադրբեջանական բանակցության ուղղությամբ: Սակայն, այստեղ թերևս հարկ է անել մի էական արձանագրում: Երևանի նախաձեռնությունը՝ համանախագահներին դիմելու իմաստով, պետք է թերևս դիտարկել ոչ միայն և գուցե ոչ այնքան բարձրաձայնված նպատակին հասնելու նախաձեռնության կամ քայի տեսանկյունից, որքան գործընթացային տրամաբանության, տևական դիվանագիտական աշխատանքի միջավայրային հեռանկարի չափումով: Այդ դիմումն այժմ թերևս ավելի շատ պետք է բավականին սեղմված միաջավայրը շատ, թե քիչ բացելու և դիվանագիտական տարածություն ստանալու համար:
Հետևաբար, այստեղ առանցքային հարցը դառնում է թերևս ոչ թե ձևաչափում երեք խոշոր խաղացողների համատեղ աշխատանքի հնարավորությունը, այլ հարցը, թե նրանք որքանով են շահագրգռված այդ ձևաչափը պահելու հարցում: Իսկ այդ հարցում, չնայած մեծ ու թեժ դիմակայությանը, Մինսկի խմբի երեք համանախագահները թերևս շահագրգռված են, քանի որ հետխորհրդային աշխարհակարգում ըստ էության մի շարք հատկանիշներով բացառիկ այդ ձևաչափը գուցե ոչ շատ մեծ, սակայն այլ խաղացողների հանդեպ որոշակի դիվանագիտական-քաղաքական առավելություն ընձեռող գործիք է, որից հրաժարվել նրանք հազիվ թե ցանկանան, համենայն դեպս քանի դեռ չկան այլ իրողություններ: Իսկ այս փուլում կարևորը դա է, և այդ հանգամանքը առավելագույնս օգտագործելու հնարավորությունը, ինչի փորձն անում է Հայաստանը, այդպիսով ձգտելովմի կողմից դեմ չգնալով դրանց, սակայն Մինսկի խմբի համանախագահության ուղղությամբ աշխատանքով հավասարակշռել և հակակշռել հնարավոր այլ ձևաչափային միտումները, որ Արցախի դեմ պատերազմից հետո առկա է ռեգիոնում լայն իմաստով: