TRT-ի փոխանցմամբ՝ Եթովպիայում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել լիբիական վերջին զարգացումներին առնչվող հայտարարությամբ.
«Դա պատմական օր է նոր Լիբիայի համար։ Մենք վստահ ենք, որ լիբիական ժողովրդի արդար պահանջի ֆոնին Լիբիան Ազգային անցումային խորհրդի ղեկավարությամբ վստահորեն առաջ կշարժվի։ Գլխավորն այն է, որ բոլորը հանուն նոր Լիբիայի միավորեն իրենց ուժերը, միավորեն առանց վրիժառության զգացումի»։
Ապա Դավութօղլուն կարևոր ուղերձ է հասցեագրել Սիրիային։ Չնշելով կոնկրետ երկրի անուն՝ Դավութօղլուն հայտարարել է, որ բոլորը պետք է դասեր քաղեն Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Դավութօղլուն Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում 6.5 ժամանոց հանդիպումներ էր ունեցել սիրիական ղեկավարության, այդ թվում՝ նաև նախագահ Բաշար Ալ-Ասադի հետ։ Դավութօղլուն Ասադին էր հանձնել Թուրքիայի վարչապետ Էրդողանի «կոշտ ուղերձը» և նախագահ Աբդուլլահ Գյուլի նամակը, որում, մասնավորապես, նշված է հետևյալը. «Ես չեմ ցանկանում, որ մի օր հետ նայես ու տեսնես, որ շատ ուշ է»։
Ի դեպ, երեկ Ասադը, ելույթ ունենալով սիրիական հեռուստատեսության ուղիղ եթերում, հայտարարել է, որ լսում է բարեկամական ու եղբայրական երկրների խորհուրդները, սակայն ոչ ոք իրավունք չունի միջամտել իր երկրի ներքին խնդիրներին.
«Այն երկրները, որոնք համարձակություն կունենան Սիրիայի գործերին ռազմական միջամտություն ցուցաբերել, կբախվեն լուրջ խնդիրների։ Մենք ընդունում ենք հարևան ու այդպիսի փորձ ունեցող երկրների խորհուրդները, սակայն մեր գործերին չեն կարող միջամտել ո՛չ մոտակա, ո՛չ էլ հեռավոր երկրները»։









































