Արցախում իրավիճակի որոշակի լարմանն է անդրադարձել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը մարտի 9-ին աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայում: Վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ կա իրավիճակի որոշակի լարում և իրենք արցախյան իշխանության և միջազգային գործընկերների հետ աշխատում են իրավիճակը կայունացնելու ուղղությամբ: Հայաստանի վարչապետի անդրադարձը անշուշտ կարևոր է: Միաժամանակ, Նիկոլ Փաշիննյանը զերծ է մնացել այլ մեկնաբանություններից և գնահատականներից, թերևս իրադրությանը «չվնասելու» տրամաբանությամբ:
Հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ քննարկել է ռեգիոնալ իրավիճակն ու կայունության խնդիրները: Այդ մասին բարձրաձայնեց նաև հենց Էմանուել Մակրոնը: Դան զուգահեռ, Հայաստանի վարչապետը Փարիզում ոչ ֆորմալ հանդիպում էր ունեցել ԵԽ նախագահ Միշելի հետ: Նկատենք, որ փետրվարի 28-ին Մակրոնի և Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև տեսաքննարկում՝ 2021-ի դեկտեմբերին Բրյուսելում գրեթե նույն ձևաչափով հանդիպումների համատեքստում: Դրանից ժամեր առաջ Մակրոնը զրուցել էր Ուկրաինայում պատերազմող Պուտինի հետ: Մակրոնի և Միշելի նախաձեռնությամբ տեսաքննարկումից հետո Ադրբեջանի լարման տանող քայլերը դժգոհություն են քննարկման օրակարգի՞ց, թե՞ այդ քննարկման օրակարգի առնչությամբ Երևանի հնարավոր մանևրից:
Բավականին բարդ է ասել, որովհետև իրադարձությունները զարգանում են բավականին արագ և բազմաշերտ, մի շարք ուղղություններով: Միաժամանակ, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լիլիթ Մակունցը իրադրությունը քննարկել է Միացյալ Նահանգների փոխպետքարտուղարի հետ: Իրադրության առնչությամբ առայժմ բավականին անորոշ է Ռուսաստանի արձագանքը, որն իրականացնում է խաղաղապահ առաքելություն և որի մանդատի անմիջական պատասխանատվության ներքո է իրադրության կայունությունն Արցախում, որը խաթարում է Ադրբեջանը: Այն Ադրբեջանը, որի նախագահ Ալիևի հետ ՌԴ նախագահ Պուտինը փետրվարի 22-ին ստորագրեց «դաշնակցային հռչակագիր»:
Դաշնակցային հռչակագիրը Արցախում հրադադարի խախտումներ սկսելու և այդպիսով նաև ռուսական խաղաղապահ առաքելության անարդյունավետություն ցուցանելու՞ մասին էր, թե՞ Ադրբեջանին այդ հնարավորությունը Մոսկվան տվել է հենց ստորագրության դիմաց և Ադրբեջանը գիտե, թե որքան կարող է կրակել, ինչ տրամաչափի և ինչ տարածությամբ, այդպիսով նաև հայկական կողմի մոտ առաջացնելով հավելյալ զգաստություն Ռուսաստանի հանդեպ, որն այսօր բարդ օպերացիա է իրականացնում Ուկրաինայում: Ընդ որում, այդ բարդ օպերացիան կարծես թե ստանում է ռուս-թուրքական շտրիխներ: Համենայն դեպս, հենց առաջիկա օրերին, ըստ նախնական ազդարարման՝ հենց մարտի 10-ին սպասվում է Ուկրաինայի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպում Անթալիայում, Թուրքիայի միջնորդությամբ: Անթալիայում կազմակերպվում է դիվանագիտական մեծ ֆորում, ինչի շրջանակում էլ կլինի այդ եռակողմ հանդիպումը: Այդ ֆորումին մասնակցելու է նաև Հայաստանի արտգործնախարարը և անկասկած հնարավոր են ռեգիոնալ իրավիճակի քննարկումներ: Ադրբեջանի սահմանային լարումը ուշադրության է արժանի նաև հենց այդ ֆորումի համատեքստում: Արդյո՞ք Բաքուն այդպիսով փորձում է «լսելի» դառնալ ֆորումի շրջանակում հնարավոր քննարկումներում, կամ փորձում է լինել սուբյեկտ, այլ ոչ թե օբյեկտ:








































