Տեղի է ունեցել ՀՅԴ 34-րդ ընդհանուր ժողովն ավարտել է իր աշխատանքները: Որոշումներ են կայացվել Հայ դատի, արտաքին և ներազգային ուղղություններով աշխատանքների, քարոզչական և տնտեսական քաղաքականության վերաբերյալ: Ժողովը քննել և գնահատել է շրջանավարտ ՀՅԴ Բյուրոյի եռամյա գործունեությունը, ներկազմակերպական խնդիրներն ու անելիքները:
Ընդհանուր ժողովն ընտրել է կուսակցության բարձրագույն մարմին՝ Բյուրո: ՀՅԴ Բյուրոն իր անդրանիկ նիստում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ է ընտրել Հակոբ Տեր-Խաչատուրյանին։ ՀՅԴ նորընտիր Բյուրոյի անդամներն են՝ Վիգեն Բաղումյանը (Իրան), Դավիթ Իշխանյանը (Արցախ), Արսեն Համբարձումյանը (Հայաստան), Կիրո Մանոյանը (Հայաստան), Մկրտիչ Մկրտիչյանը (Լիբանան), Խաժակ Մկրտիչյանը (Ամերիկայի Միացյալ Նահանգներ), Արմեն Ռուստամյանը (Հայաստան), Հովսեփ Տեր-Գևորգյանը (Եվրոպա), Րաֆֆի Տոնապետյանը (Կանադա), Մուրադ Փափազյանը (Եվրոպա):
ՀՅԴ Բյուրոյի որոշումով ՀՅԴ շարքերից հեռացված մտավորական, ՀՅԴ գաղափարախոս Նազարեթ Բերբերյանը, անդրադառնալով ժողովին, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ երկու երրորդով միևնույն կազմն է, նույնն են հատկապես ներկայացուցչական անդամները։
«Ինքը’ Ընդհանուր Ժողովը կազմված էր «Մենք և Մերոնք» հիմունքով, մինչև իր գումարումը արտաքսած լինելով ուրույն տեսակետի տեր դաշնակցականներին։ Նման ժողովում միայն վերարատադրություն էր, որը ծնում է միջակություն։
Հարցին՝ իսկ ինչպիսի՞ փոփոխություններ են պետք, արդյոք կուսակցության լիդերնե՞րը պետք է փոխվեն, Նազարեթ Բերբերյանը նշեց․ «Դա արդեն երկար խոսելու թեմա է։ Հայ Ազգի և Հայոց Երկրի մերօրյա իրավիճակին և մարտահրավերներին համապատասխան վերանայման հրամայականի առջև է կանգնած ՀՅԴ-ն՝ ապակենտրոն իր էությունն ու գսղափարաբանությունն այժմէականացնելով։ Միայն այդ դեպքում կվերագտնենք ՀՅԴ ավանդը, որին անհարիր է «լիդերներով» սնանելու ստրկամտությունը»։








































