Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ երկրում առկա հակամարտությունը կարող է լուծվել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ երկխոսության միջոցով։ Այդ մասին նա հայտարարել է «BILD» թերթին տված հարցազրույցում։
«Հարցն այն չէ, թե ես ինչ կարող եմ անել: Ցանկացած երկխոսության ժամանակ իմ նպատակն է դադարեցնել պատերազմը Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Զելենսկին՝ պատասխանելով այն հարցին, թե պատրաստ է արդյոք ճանաչել ԿԺԴՀ-ի և ԼԺՀ-ի անկախությունը, իսկ Ղրիմը որպես Ռուսաստանի տարածք:
Զելենսկին նշել է, որ պատերազմը դադարեցնելու համար պատրաստ է որոշակի քայլերի, բանակցությունների, փոխզիջումների:
«Բայց դրանք չեն կարող դավաճանություն լինել իմ ժողովրդի նկատմամբ: Իսկ մյուս կողմը պետք է պատրաստ լինի փոխզիջումների: Մենք կարող ենք դադարեցնել այս պատերազմը միայն ուղիղ բանակցությունների միջոցով»,- ասել է Զելենսկին։