Հայոց բանակում սպանված զինծառայողների՝ Արայիկ Ավետիսյանի, Տիգրան Օհանջանյանի, Գեղամ Սերգոյանի, Վալերիկ Մուրադյանի և Արտակ Նազարյանի հարազատները «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին Սերժ Սարգսյանին ուղղված իրենց բաց նամակը, որում մասնավորապես ասվում է.
2011 թ. հունվարի 27-ին մեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ Դուք, պարոն նախագահ, մեզ ներկայացաք որպես օրենքի և Սահմանադրության պաշտպան և խոստացաք հետամուտ լինել մեր որդիների սպանությունների գործերի բացահայտմանը:
Այդ հանդիպումից անցել է մոտ 7 ամիս, սակայն 5 քրեական գործերից ոչ մեկը չի բացահայտվել, և մարդասպանները չեն պատժվել:
Զինվորական գլխավոր դատախազն ընդունում է, որ իր ենթակայության տակ գործող քննիչները, դատախազի օգնականներն ու զինդատախազները մեր որդիների քրեական գործերում թույլ են տվել մեծ և փոքր հանցանքներ ու զանցանքներ, սակայն հրաժարվում է որևէ պատժամիջոց կիրառել նրանց նկատմամբ կամ քրեական պատասխանատվության ենթարկել:
Փաստորեն, Դուք մեզ հուսախաբ արեցիք և Ձեր խոստումն ու պարտքը չկատարեցիք:
Ցավով պետք է նշենք մեր համոզմունքը, որ նման անօրինականության և անտարբերության պայմաններում Հայոց բանակում զինծառայողների սպանությունները շարունակական բնույթ են կրելու:
Անահիտ Մկրտչյան
Ռոբերտ Միրզոյան
Սուրեն Օհանջանյան
Նանա Մուրադյան
Հասմիկ Հովհաննիսյան