Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Հայաստանի խորհրդարանն ընտրում է Հայաստանի հանրապետության հինգերորդ նախագահին: Ինչպես հայտնի է, կառավարող ՔՊ մեծամասնությունը նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Խաչատուրյանին: Խաչատուրյանին ներկայացնելը թերևս ավելորդ է, այս ընթացքում նրա մասին խոսվել է շատ և անգամ այն մարդիկ, որոնք մինչ այդ չեն հետևել նրա գործունեությանը, հասցրել են տեղեկանալ բավականաչափ: Խաչատուրյանի ընտրության համար խորհրդարանական մեծամասնությունն ունի ընդդիմադիր տասը ձայնի կարիք, քանի որ ըստ Սահմանադրության, անհրաժեշտ է պատգամավորների ձայների ընդհանուր թվի երեք հինգերորդը, իսկ այդքան ձայն ՔՊ չունի:
ՔՊ-ն ունի նախագահի թեկնածուին երկրորդ փուլում իր ուժերով ընտրելու բավարար ձայն: Եվ դա թերևս հենց այդպես էլ կլինի, քանի որ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել է նախագահի ընտրությունը, չի մասնակցում նիստին: Առաջին հայացքից սովորական իրավիճակ է, առավել ևս, որ ընդդիմությունն այդ մասին կարծես թե ազդարարել էր նաև շատ ավելի վաղ, երբ նոր քննարկվում էր Խաչատուրյանի առաջադրման հարցը: Բայց, փետրվարի 22-ից հետո իրավիճակը էապես այլ է: Իհարկե խոսքը միջազգային հարթության վրա տեղի ունեցած և ունեցող բեկումնային ու դրամատիկ փոփոխության մասին է, սակայն այդ ամմենը թե ուղիղ, թե անուղղակի իմաստով էական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի վրա, ըստ այդմ պահանջում է Հայաստանում համարժեք հասարակական-քաղաքական միջավայր: Իսկ այդ համարժեքության համար կարևոր է, որպեսզի այդ միջավայրը թե հանրությանը, թե նաև միջազգային հանրությանը տա կայունության նվազագույն աստիճանի հաստատակամության ու պատրաստակամության մասին ազդակներ: Այդ իմաստով, նախագահի ընտրությունը նոր իրավիճակում ստանում է առանձնահատուկ քաղաքական նշանակություն, բացի այն բուն նշանակությունը, որ ունի Սահմանադրության բերումով: Ըստ այդմ, այդ ընտրության ընդդիմադիր բոյկոտը ևս ստանում է որոշակի այլ նշանակություն, քան ներքաղաքական վաղուց հայտնի վարքագիծն է:
Խնդիրն այն չէ, որ ընդդիմությունը կողմ քվեարկեր մեծամասնության առաջադրած նախագահին: Խնդիրն այն է, որ ընդդիմությունը մասնակցեր գործընթացին՝ թեկուզ մերժելով իշխանության առաջ քաշած թեկնածուին և քվեարկելով դեմ, բայց այդպիսով ներկայիս բավականին բախտորոշ ժամանակահատվածում վկայեր Հայաստանում քաղաքական օրգանիզմի ամբողջականության մասին: Բանն այն է, որ դա կարևոր է ներկայիս միջազգային բավականին «պղտորված ջրում» Հայաստանը որպես «որսալու ձուկ» դիտարկելու հնարավոր «գայթակղությունները» զսպելու համար, որոնք կարող են առաջանալ այդ «ձկնորսության» տարաբնույթ շահագրգռություններ ունեցող սուբյեկտների մոտ: Մինչդեռ, դրա փոխարեն խորհրդարանական ընդդիմությունը ևս մեկ անգամ հավաստում է այդօրինակ ցանկությունների ուղղակի, թե անուղղակի «որսընկեր» լինելու պատրաստակամությունը:










































