Երևանի համաչափ զարգացումն առաջիկա տարիներին ապահովելու համար, անհրաժեշտ է ունենալ գործողությունների հստակ ծրագիր, հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ ընդգծել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, հանձնարարելով բոլոր ոլորտների մասով առաջիկա երեք տարիների համար ներկայացնել զարգացման ծրագրեր. «Օրվա խնդիրներին լուծում տալուց բացի, մենք պետք է հստակ պատկերացում կազմենք նաև, թե ինչպես է զարգանալու մեր քաղաքը վաղը»,-շեշտել է Կարեն Կարապետյանը:
Անդրադառնալով աղբահանության կազմակերպման խնդրին, Երևանի քաղաքապետը հնչեցրել է Արաբկիր վարչական շրջանում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցը: Արաբկիրի սանմաքրման ձեռնարկությանը պատկանող մեքենամեխանիզմերի մի մասի խափանման հետևանքով վարչական շրջանում աղբահանության կազմակերպման հետ կապված խնդիրներ են առաջացել: Քաղաքապետը հանձնարարել է միավորել վարչական շրջանների սանմաքրման տեխնիկան և Արաբկիրում արագ վերացնել ստեղծված իրավիճակը: Կարեն Կարապետյանը բոլոր վարչական շրջանների ղեկավարների առջև խնդիր է դրել ուսումնասիրել սանմաքրման ձեռնարկությունների գործունեությունը, տեխնիկայի ընդհանուր վիճակն ու կանխարգելիչ միջոցառումներ մշակել նման իրավիճակներից խուսափելու համար:
Հանձնարարվել է նաև մինչև սեպտեմբերի 1-ը իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ ավարտել աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև խիստ ուշադրություն դարձնել վարձավճարները գանձելու ցուցանիշներին:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման մասով օպերատորների մրցույթն արդեն հայտարարված է:
Համատիրությունների աշխատանքը կանոնակարգելու և հաջողված փորձը գործնականում ողջ մայրաքաղաքում կիրառելու նպատակով զեկուցվել է, որ ընտրվել են մի քանի հաջողված համատիրություններ, որոնց կողմից գումարների հավաքագրումն իրականացվում է բանկային համակարգով, բացի այդ կայք էջի միջոցով բնակիչը հետևում է վճարված գումարների նպատակային օգտագործմանը:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի, համատիրությունների իրավունքների և պարտավորությունների մասին հիշեցնող շուրջ 8000 պաստառ է տրամադրվել համատիրություններին, որոնք կփակցվեն բազմաբնակարան շենքերի շքամուտքերում:
Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում, արդեն մեկնարկել են կամարների բարեկարգման աշխատանքները:
Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշակված ծրագրի համաձայն առաջիկայում բարեկարգ տեսք կստանան նաև ստորգետնյա անցումները:
Անցումների բարեկարգման ծրագրի մասով հայտարարված մրցույթներով հավանական ներդրողներին են ներկայացվել պայմանները, համաձայն որոնց կնորոգվեն ու կլուսավորվեն տարածքները, կապահովվի սանիտարական պատշաճ վիճակը, նաև առևտրային տաղավարներ կառաջարկվեն գործարարությամբ զբաղվող քաղաքացիներին:
Զեկուցվել է, որ «Էլեկտրոնային քաղաք» ծրագրի շրջանակում ընթացքի մեջ է հուշարձանների, պատմական ու ճարտարապետական շենքերի մոտ «էլեկտրոնային էքսկուրսավար» պայմանական անվանումով ծրագրի ներդրման գործընթացը: Մայրաքաղաքի 5 արձանների մասին արդեն կարելի տեղեկատվություն ստանալ հենց տեղում համապատասխան սարքից ինտերնետ կապի միջոցով:
Վարչական շրջանների ղեկավարներին, համապատասխան բոլոր վարչություններին և ոստիկանությանը հանձնարարվել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը նոր ուսումնական տարվա սկիզբը մայրաքաղաքում հավուր պատշաճի դիմավորելու նպատակով:










































