Վրաստանում Ուկրաինայի դեսպան Իգոր Դոլգովը խորհրդակցությունների համար հետ է կանչվել Կիև: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Անմիջապես հետ ենք կանչում դեսպանին Վրաստանից՝ մեզ օգնել ցանկացող կամավորներին խոչընդոտելու, պատժամիջոցների հարցում բարոյական դիրքորոշում չունենալու համար», – ասել է Զելենսկին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ շուրջ 60 մարդ, որոնք ցանկացել են որպես կամավոր մեկնել Ուկրաինա, չեն կարողացել լքել Վրաստանի տարածքը: Նրանց խոսքով՝ երկրի իշխանությունները արգելել են մասնավոր օդանավի մուտքը Թբիլիսիի միջազգային օդանավակայան:
Հիշեցնենք, որ ավելի վաղը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր՝ իր երկիրը չի միանա Ռուսաստանի դեմ սահմանվող պատժամիջոցներին:
Ուկրաինան հետ է կանչել Վրաստանում և Ղրղզստանում իր դեսպաններին:
Նշենք, որ հետ է կանչվել նաև Ղրղզստանում Ուկրաինայի դեսպանը: Ինչպես հայտարարել է Զելենսկին, դեսպանը անհապաղ հետ է կանչվել խորհրդակցությունների նպատակով՝ Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու պատճառով:










































