Սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը այսօր մեզ հետ զրույցում նշեց, որ իրենք դեռ չեն ստացել «Երևան Սիթի» խանութների ցանցում մոնիտորինգ անցկացնելու թույլատվություն: Դեռ օգոստոսի 18-ին սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիմել է Հայաստանի վարչապետին` թույլտվություն ստանալու ստուգումներ և ոչ միայն մոնիտորինգ անցկացնելու համար, որից հետո էլ կարվեն համապատասխան եզրակացություններ:
Պատասխանը պետք է տրվի 10-օրյա ժամկետում, բայց Արթուր Վարժապետյանը կարծում է, որ իրենց ավելի շուտ կպատասխանեն:
Հիշեցենք, որ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետներից մեկում ժամկետանց մանկական սննդի վաճառքի վերաբերյալ ստացված դիմում-բողոքի հիման վրա այդ սուպերմարկետների ցանցում մոնիտորինգ է անցկացվում: Որից հետո կասեցվել է ընդհանրապես ժամկետանց սննդամթերքի` վարսակի շիլայի իրացումը «Սիթի»-ում:
Սրա համար իր հերթին հիմք հանդիսացավ հետևյալը. քաղաքացի Տաթևիկ Ղարիբյանը, Երևանի Ծերեթելի-Բագրատունյաց խաչմերուկի «Սիթի»-ից գնած Preston ֆիրմայի վարսակի շիլայից վատ հոտ առնելով, պոկել էր տուփի վրա սոսնձնված ժամկետի մասին գրությունը և հայտնաբերել, որ շիլայի պիտանելիության ժամկետն ավարտվել է դեռ անցած տարի, մինչդեռ նոր` սոսնձված պիտակի վրա նշված է եղել այլ պիտանելիության ժամկետ, որը դեռ ուժի մեջ է եղել:
Մեր այն դիտարկմանը, թե ապրանքների ժամկետները մինչև խանութ հասնելը մաքսայինում չեն ստուգվում, Արթուր Վարժապետյանը արձագանքեցեց, որ ստուգվում են, և ավելացրեց. «Խոսքն այս դեպքում այն մասին է, որ ապրանքը եղել է ժամկետանց հենց արտաքին տուփի վրա, որովհետև տուփի վրա ժամկետը նորմալ է եղել: Խոսքն այն մասին է, որ պարունակության ժամկետն է անցած եղել: Յուրաքանչյուր տուփ հնարավոր չէ բացել նայել: 1-2 օրինակից է նմուշ վերցվում: Սակայն այս ուղղությամբ ևս աշխատանքներ տարվելու են»:








































