«Եթե պետք է տարերային բաներ անենք մի ղեկավարի կամքով, բնականաբար, ժամանակավոր բնույթ է կրելու և պոպուլիստական բան է: Գյուղմթերքի տոնավաճառի մեկօրյա առևտուրը չի նպաստելու նրան, որ գները իջնեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նշենք, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Կասյան փողոցի հատման տարածքում երեկ կազմակերպված գյուղմթերքի տոնավաճառից դժգոհում էին թե՛ գնորդները, թե՛ ֆերմերները: Գնորդները բողոքում էին բարձր գներից, իսկ ֆերմերները՝ վաճառասեղանների քչությունից:
Հ. Բերբերյանը նշեց, որ եվրոպական երկրներում շաբաթ-կիրակի հատուկ տեղեր են հատկացնում գյուղմթերքների վաճառքի համար, նույնիսկ ձկնորսների առանձին շուկաներ կան: Ըստ նրա՝ Հայաստանում պետք է պայմաններ ստեղծվեն տոնավաճառների ոչ թե ցուցադրական 1 օր աշխատանքի համար, հետո մոռացվի դա, ինչպես եղավ մի քանի տարի առաջ Էրեբունու տարածքում բացված տոնավաճառի հետ, այլ մշտական անվճար տարածքներ տրամադրվեն:
«Եթե այդ պայմանները ստեղծենք, որ գյուղացին իրեն անվտանգ զգա, իհարկե, շատ լավ է, բայց մի շուկայով, մի տոնավաճառով հարց չի լուծվի: Քաղաքի ամեն տարածաշրջանում, կենտրոնում՝ նույնիսկ 2-3 հատ, անվճար պետք է տարածք հատկացվի, բայց մշտական և ոչ թե պոպուլիստական»,- ասաց Հ. Բերբերյանը:










































