Շիրակի մարզպետի հրավերով աշխատանքային այցով փետրվարի 25-ին Շիրակի մարզ են այցելել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 19 պատգամավոր՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի գլխավորությամբ։
Աշխատանքային այցի շրջանակներում նրանք եղան Գյումրու «Ավտոկայան» տնակային թաղամասում, Տիգրան Մեծ, Իսահակյան 9ա, Անտառավան 26 վթարային շենքերում, այցելեցին Գյումրու բժշկական կենտրոն:
Օրվա ընթացքում նախատեսվում է նաև այցեր Շիրակի պետական համալսարան, Աշոցքի «Կոճոռ» թաղամաս և Արթիկի թիվ 1 և թիվ 2 դպրոցներ:
«Մեր քաղաքացիները միշտ տեսել են, որ պատգամավորները մարզ են այցելում են ընտրությունից ընտրություն: Ես ցանկություն ունեցա այդ կարծրատիպը կոտրել: Մենք այսօր արդեն այցելել ենք տնակային թաղամասեր ու վթարային շենքեր: Հաջորդիվ կայցելենք նաև այն վայրերը, որտեղ կառավարությունը ծրագրեր ունի իրականացրած և որոնք նպաստելու են մարզերի զարգացմանը: Մեր նպատակը խնդիրնհերն արձանագրելն է ու, խորհրդարանական լծակներն օգտագործելով, հարցերին լուծում տալը»,-լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:
«Մենք նախորդ շաբաթվանից սկսել ենք «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների այցերի շարք բոլոր մարզեր: Շիրակում ծանոթանալու ենք առկա մի շարք խնդիրների, այդ թվում՝ քաղաքաշինական, կրթական, տնտեսական և այլն: Նպատակը մշտական ու ամենօրյա ռեժիմով քաղաքացիների հետ կապը պահելն է»,- նշեց Հայկ Կոնջորյանը:
Այցի շրջանակներում խմբակցության անդամներն այցելել են նաև Արտաքին տնտեսական գործունեության կենտրոն:
Նրանք հանդիպել են նաև ադրբեջանական գերության մեջ գտնվող զինծառայողների հարազատների հետ: