ՀՀ ՄԻՊ-ը վերջին վեց տարվա ընթացքում արձանագրել է Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների թվի աճ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ամփոփելով վերջին վեց տարվա գործունեության արդյունքները, նշեց, որ Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների թիվն աճել է 5 անգամ:
Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ մեծ ռեսուրսներ են հատկացրել սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանությանը: Նրա խոսքով, սոցիալական ծառայություների համակարգում խնդիրներ կան՝ մարդկանց նկատմամբ վերաբերմունքի, բարեխղճության, այդ ծառայությունների աշխատակիցների աշխատանքը ոչ ճիշտ գնահատելու արդյունքում:
ՄԻՊ-ն անդրադարձավ նաև առողջապահության ոլորտին: Արման Թաթոյանը նշեց, որ խնդիրներ կան առողջության իրավունքի իրացման, դեղորայքի հասանելիության հետ կապված: Կա վստահության խիստ պակաս պոլիկլինիկաների նկատմամբ:
«Ամենաթանկը, որ այս ընթացքի հետ կապված կուզենայի արձանագրել, հանրային մեծ աջակցությունն է: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում մեր հասարակությանը, որ այսպիսի աջակցություն կա: Դա մեզ համար ունեցել է բացառիկ նշանակություն: Պարտավորեցրել է ուշադիր լինել ամեն գործի ու խոսքի նկատմամբ»,-ասաց Արման Թաթոյանը: