Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հիվանդանոցում տեսակցել է թուրք երգիչ Իբրահիմ Թաթլըսեսին, որի վրա ամիսներ առաջ մահափորձ էր կատարվել, այնուհետև հետո ուղևորվել է Ստամբուլի Դոլմաբահչե պալատ։
Սակայն ճանապարհին՝ Բողազիչի կամրջի մոտ, Էրդողանի ավտոշարասյունը կանգ է առել, ինչի պատճառը եղել է Էրդողանի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հեռախոսազրույցը։
Այն տևել է 37 րոպե, ինչի պատճառով կամրջի վրա խցանումներ են առաջացել։ Թուրքիայի վարչապետական ապարատի մամլո կենտրոնի տարածած տեղեկատվության համաձայն՝ հեռախոսազրույցի ժամանակ Էրդողանն ու Ահմադինեժադը գլխավորապես քննարկել են Սիրիայի խնդիրը, ինչպես նաև երկկողմանի հարաբերությունների հարցը։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Իրանը Թուրքիային բազմիցս զգուշացրել է Սիրիայում ռազմական միջամտության վտանգավորության մասին՝ ընդգծելով, որ եթե բանը հասնի դրան, որ ինքը ստիպված ընտրություն կատարի Թուրքիայի և Սիրիայի միջև, ապա նախապատվությունը տալու է վերջինիս։










































