«Հայփոստում» առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում: Մշակվում է զարգացման հատուկ ծրագիր, որը մինչև տարեվերջ կհաստատվի և կներկայացվի հանրությանը:
«Պայմանագիրը որ կնքվեց՝ կներկայացնենք: Շատ հետաքրքիր նորամուծություններ են լինելու, մասնավորապես՝ փոստի բնագավառի համար նորամուծություններ են դրանք: Առաջիկայում շատ լուրջ, տոտալ փոփոխություններ են սպասվում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց «Հայփոստի» մամլո պատասխանատու Գևորգ Աբրահամյանը՝ չմանրամասնելով, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը:
Նա միայն նշեց, որ այդ ծրագրի իրագործումից հետո «Հայփոստը» շատ առումներով կհամապատասխանի ժամանակակից պահանջներին:
Գ. Աբրահամյանի խոսքով՝ ֆրանսիական «Լա փոստ» ազգային օպերատորի հետ համագործակցությունը հաջողությամբ շարունակվում է, շատ հնարավոր է՝ առաջիկայում փոստի փոխանակման նոր կենտրոն ստեղծվի, որը լոգիստիկ հզոր կենտրոն կլինի և կարագացնի փոստի փոխանակման ամբողջ գործընթացները: Գ. Աբրահամյանը հավաստեց, որ գնային փոփոխություններ չեն սպասվում:
Նա հայտնեց, որ շարունակվում է փոստային բաժանմունքների վերանորոգումը, դրանք ապահովվում են բավականին մատչելի արագագործ ինտերնտետ-կապով, և քաղաքացիները կարող են օգտվել, բոլոր նորոգված բաժանմունքներում ժամանակակից համակարգիչներ են տեղադրվում ու դրանց համապատասխան ծրագրեր: Երևանի ու մարզերի փոստային բաժանմունքների մեծ մասն արդեն առցանց ռեժիմով է աշխատում:








































