Այս տարվա քաղաքական աշունը անորոշություններով լի կլինի: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Ճիշտ է, արտառոց զարգացումներ չեմ կանխատեսում, բայց բոլոր պարագաներում կարծում եմ, որ այդքան հասարակներից էլ չի կարող լինել: Երկխոսությունը, ճիշտ է, շարունակվում է, աշխատանքային խմբերի ցանկացած անդամ կարծում եմ, որ ցանկանում է դրական արդյունքների հասնել, բայց հնարավոր է, որ ինչ-որ հարցերում չգտնեն ընդհանուր եզրեր: Չեմ ասում, որ աշունը կընթանա համահարթեցված, գեղեցիկ տարբերակում, բայց չեմ էլ ասում, որ տգեղ տարբերակով կընթանա: Բայց պարզ է, որ որոշակի լարվածություն, այնուամենայնիվ, մնում է»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Մեր այն դիտարկմանը, թե ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ձերբակալման հանգամանքը արդյո՞ք կարող է խոչընդոտել երկխոսության ընթացքին, նա ավելացրեց. «Բոլոր պարագաներում չեմ կարծում, որ դա խոչընդոտ կհանդիսանա: Բավական բարդ է այս կապակցությամբ տեսակետ հնչեցնել: Բայց, եթե դա խոչընդոտ հանդիսանա՝ թող հանդիսանա: Վատագույն դեպքում իշխանությունները չեն գտնվում այնպիսի ծայրահեղ իրավիճակում, որ երկխոսության տապալման հանգամանքը իրենց անհանգստություն պատճառի:
Եթե հակված են երկխոսությունը վիժեցնեն՝ թող վիժեցնեն, ես ընդհանրապես ոչ մի ողբերգական բան չեմ տեսնում: Բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ նման բան չի լինի, որովհետև տեղի է ունեցել դեպք մի կողմից էլ մյուս կողմից էլ: Իսկ, թե որքան օրինաչափ է եղել կողմերի վարքագիծը, քննության արդյունքում այդ ամենը պարզ կդառնա: Սակայն պետք չէ դրա համար զոհել երկխոսության կարևորագույն ինստիտուտը»:








































