Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն այսօր մասնակցում էր ՀՀ արդարադատության նախարարության առաջարկած «Խղճի և կրոնական ազատությունների մասին» նոր օրենքի նախագծի քննարկմանը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ նա նշեց, որ ներկայացվող օրենքում կարծես թե ցանկություն կա, որ Առաքելական եկեղեցին հավատացյալ կորցնի. «Վստահեցնում եմ Ձեզ, չի հաջողվի»:
Աջապահյանը նշեց, որ օրենսդրական առումով որևէ արգելք չի եղել կրոնական կազմակերպությունների գործունեությանը. «Նույնիսկ պետք եղածից էլ ավել են բաց եղել դռներն ու լուսամուտները, և դրանով հանդերձ, 20 տարի իրենց հսկայական ռեսուրսները օգտագործելով, այդ կրոնական կազմակերպությունները չնչին հաջողության են հասել Հայաստանում: Հայ առաքելական եկեղեցին գործել է այնպիսի պայմաններում, որոնք այսօրվա պայմաններից շատ ավելի վատ են եղել»:
Նա նշեց, որ Առաքելական եկեղեցին ոչ թե բացասական է վերաբերվում նոր օրենքի նախագծին, այլ դրա միտումն է բացասական, երբ ցանկանում են ստեղծել պայմաններ, որ փոխեն ընդհանուր վիճակը և Հայաստանում առկա լուրջ խնդիրներից շեղեն հասարակության ուշադրությունը. «Հայաստանում ոչ մի լուրջ խնդիր լրջորեն լուծված չէ, բայց ուզում են պատրանք ստեղծել, թե խղճի ազատության խնդիրը լուծված է վերջնականապես: Մարդկային ոչ մի ազատության հարց ամբողջականորեն Հայաստանում լուծված չէ, ինչո՞ւ հանկարծ խղճի ազատության հարցը պետք է այդպես կատարյալ լուծված լինի»:
Աջապահյանն ասաց, որ սրա պատճառն այն է, որ կրոնական դաշտը ամենախոցելի, ամենաշահարկվողն է, որտեղ կարելի է ցույց տալ, թե դրական գործ է արվել` միևնույն ժամանակ ոչինչ չանելով. «Սրան է միտված նաև այս խղճի ազատության օրենքի նախագիծը` ամեն անգամ փորձել մի բան անել, շահարկել»:
Աջապահյանը վստահեցրեց, որ Առաքելական եկեղեցին ամենաազատ օրենքի պայմաններում էլ հաղթելու է կրոնական կազմակերպություններին և պայքարելու է հոգեորսության դեմ. «Հոգեորսությունը էրոտիկա չէ, որ պատշաճ լինի կամ անպատշաճ, մենք միշտ էլ պայքարելու են հոգեորսության դեմ»:
Ինչ վերաբերում է այն տվյալներին, թե 300 հազար քաղաքացի աղանդավորական կազմակերպությունների անդամ է, Աջապահյանն ասաց, որ դա մտացածին թիվ է. «Կան 300 հազար թերևս զանազան կրոնական կազմակերպությունների խոնավությունը քաշած անձինք»:










































