
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր տարեվերջյան ասուլիսի ընթացքում անդրադարձավ ներքաղաքական իրավիճակին՝ ընդգծելով, որ իրենք առաջիկա գործընթացներում ակտիվ մասնակցություն են ունենալու և այդ թվում նաև ակտիվ մասնակցելու են Երևանի ավագանու ընտրություններին։
Քոչարյանը զերծ չմնաց նաև Մոսկվային որոշակի մեսիջներ հղելուց՝ նշելով, թե իր համար անհասկանալի է ինչու Հայաստանը մասնակցեց ըստ իր ձևակերպման՝ ընդդեմ Ռուսաստանի կազմակերպված «Հանուն ժողովրդավարության» համաժողովին և որ ուզում են Ղարաբաղի հարցը «Գցել ռուսների ջեբը»։
Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը չի կարծում, թե մամլո ասուլիսն այն ձևաչափն է, որով Քոչարյանը պետք է Ռուսաստանին մեսիջներ հղի․«Չեմ կարող ասել, որ դրանք մեսիջներ էին, քանի որ երկրորդ նախագահը հայտնի է ՌԴ վերնախավի հետ բարձր հարաբերություններով ու նման ձևաչափով մեսիջներ հղելը այնքան էլ նպատակահարմար չէր։ Եթե ասելիք լիներ՝ նա կարող է հանդիպել դեսպանի հետ խոսել կամ պարզապես ուղիղ զանգով միանար ՌԴ նախագահին ու քննարկել այդ բոլոր հարցերը։ Գիտենք, որ 2018-ից հետո նա մի քանի անգամ եղել է Ռուսաստանում ու հանդիպում ՌԴ նախագահի հետ եղել»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Բադալյանի դիտարկմամբ՝ Քոչարյանն արևմուտքին էր ասում, թե նա այն գործիչն է եղել, որն արդյունավետությամբ հարաբերվել է իր հետ․ «Չմոռանանք, որ Քոչարյանի օրոք ֆրանսիական կապիտալը ակտիվ մտավ Հայաստան, նրա հանդիպումները Ժակ Շիրակի հետ։Այսինքն ցանկացավ ասել, թե ինքը կոմպլիմենտար արտաքին քաղաքականության կողմնակից է։ Իհարկե հիմա դժվար է նման քաղաքականություն վարել, բայց ուղերձն այդպիսին էր։ Միգուցե հենց սա ընկալենք մեսիջ»։
Մեր զրուցակցի խոսքերով՝ «Հանուն ժողովրդավարության» համաժողովին մասնակցության վերաբերյալ Քոչարյանն իր դիրքորոշումն է հայտնել՝ առ այն, որ հակառուսական, հակաչինական և ինչ-որ չափով հակաիրանական համաժողովին մասնակցելը ցանկալի չէր։
Ինչ վերաբերում է իր ղեկավարած դաշինքի առաջիկա գործողություններին ու հնարավորություններին, մեր զրուցակիցն ասաց․ «Կարող է հարյուր տոկոսանոց արդյունավետ աշխատանք իրականացնել, բայց կարող է նաև շատ վատ աշխատել ու վերածվել «Լուսավոր Հայաստանի» և օրվա կյանքով ապրելով հասնի մինչև օրինակ 2026 թիվ։ Հունիսի 20-ից հետո ընկած ժամանակահատվածում «Հայաստան» դաշինքն աչքի չի ընկել իր ակտիվ գործունեությամբ։ Ազգային ժողովում ակտիվ էին խմբակցության 6-7 պատգամավոր, իսկ խորհրդարանից դուրս եղել է ընդամենը երկու միջոցառում։ Մեկը լավ կազմակերպված Եռաբլուր այցն էր, մյուսն էլ հանրահավաք էր գալոչկայի համար»։
Արմեն Բադալյանի դիտարկմամբ՝ ամբողջ «Հայաստան» դաշինքի վեց ամսվա գործունեությունը այս պահի դրությամբ ակտիվ չէ, միակ դրական գործողությունը դաշինքի ղեկավարի կողմից լավ կազմակերպված ու իրականացված ասուլիսներն են․«Դաշինքը ՏԻՄ ընտրություններին չմասնակցեց, բազմաթիվ հարցերում թերացել է, տարածքային կառույցներ որպես այդպիսին չունի։ Ճիշտ է՝ Դաշնակցությունն ունի, բայց դա չի աշխատեցվել։ Բացի այդ ՝ դաշինքում լիդերային մոտեցում է, ինչն այնքան էլ լավ չէ։ Մեր աչքի առաջ կա Հայ ազգային կոնգրեսի օրինակը, որը լիդերային կառույց էր։Երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր պայքարը պասիվացրեց, ՀԱԿ-ը որպես այդպիսին դադարեց գոյություն ունենալ։ Այդ նույն մեթոդոլոգիան այստեղ է տեղի ունենում։ Կառույցը լիդերային է, մենք չենք կարող ասել՝ ով է կառույցում երկրորդը, երրորդը։ Ընդունենք՝ լիդերը հեռանում է, ով է նրան փոխարինելու։ Ղեկավարի հեռանալու դեպքում այդ կառույցը վայրկյանների ընթացքում փլուզվելու է»,-եզրափակեց նա։