Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն հայտարարել է, որ այս փուլում գոյություն չունի ռուս-վրացական պատերազմի վերսկսման վտանգ. «Իմ կարծիքով դրա հավանականությունը փոքր է, քանի որ ներկայումս այդ պատերազմը Ռուսաստանին անհրաժեշտ չէ»։
Շևարդնաձեն անդրադարձել է նաև Վրաստանի ներկայիս նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ Կովկաս» նախաձեռնությանը, որը հարուցում է Ռուսաստանի զայրույթը. «Ես չգիտեմ, թե նա ում դրդմամբ է արտահայտվել դրա մասին, սակայն այդ գաղափարն ինձ շատ կասկածելի է թվում։ Զուտ հարևանության հիման վրա ստեղծված համագործակցությունը, որպես կանոն, չի արդարացնում իրեն։ Դրա վառ օրինակն ԱՊՀ-ն է, որը ոչ թե դաշնակիցների, այլ՝ հարևանների միություն է»։
Շևարդնաձեն նաև իր դժգոհությունն է հայտնել խորհրդային ժառանգությունից ձերբազատվելու շրջանակներում իրականացված՝ Գորիում գտնվող (Ստալինի հայրենի քաղաքը)Ստալինի հուշարձանի ապամոնտաժման կապակցությամբ.
«Դա մեր պատմությունն է, և Ստալինն էլ վրաց ժողովրդի զավակն է։ 1956 թվականին վրացիներին հաջողվեց պահպանել այս հուշարձանը՝ ԽՍՀՄ տվյալ ժամանակվա առաջնորդ Նիկիտա Խրուշչովը պահանջել էր ապամոնտաժել այն։ Իսկ Վրաստանի ներկայիս իշխանությունները նախորդ տարի գիշերվա քողի տակ կարողացան դա անել»։






































