
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու Անկարայի հայտարարության ֆոնին ամերիկյան Bloomberg պարբերականը ուշագրավ մանրամասներ է փոխանցում այս գործընթացում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դերի մասին:
Պարբերականը, հիմնվելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայից ստացած տեղեկության վրա, գրում է, թե հոկտեմբերի վերջին, Հռոմում G20-ի շրջանակներում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը թուրք պաշտոնակցին կոչ է արել՝ բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը:
Bloomberg-ը գրում է․ – «Անկարան հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավմանը, որոնք լարված շրջան են ապրում ռուսական հակաօդային պաշտպանական համակարգերի գնման պատճառով»:
Հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից, նույն տարում փակվել էր նաև օդային սահմանը, սակայն այն բացվեց 1995 թվականին։ Չնայած 1991-ի դեպտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չեն ձևավորվել: Այժմ կողմերը պատրաստակամություն են հայտնել երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակել:
Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի կարծիքով՝ քանի որ չկա հստակ տեղեկատվություն, չենք կարող հստակ ասել, թե ում նախաձեռնությունն է սա․«Բայց եթե փաստացի ենք նայում, ապա Մոսկվայում տեղի ունեցավ 3+2 ձևաչափով հանդիպում, դրանից հետո Թուրքիայի արտգործնախարարի շուրթերից հայտնի դարձավ երկխոսություն սկսելու հետ կապված ինչ-որ գործընթացի մեկնարկի մասին։ Հիմա դժվար է ասել՝ դա արևմուտքի՞ թե Ռուսաստանի միջնորդությամբ սկիզբ առնող գործարք է։ Ինձ թվում է՝ առաջիկա ժամանակներում ավելի կպարզորոշվի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Օրդուխանյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ եթե նախկինում Չավուշօղլուն խոսում էր նախապայմաններով, ապա այս անգամ հայտարարության մեջ նման դրույթ չի եղել․«Դրան ի պատասխան նաև հայկական կողմից եղավ հաստատում առ այն, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բացառապես առանց նախապայմանների ձևաչափին ենք պատրաստ։ Եթե նախապայման չկա, ապա այստեղ արևմտյան այդ գործոնը կարող է դերակատարություն ունենալ։ Բայց, կրկնում եմ, մենք առաջիկայում դրանում կհամոզվենք»։
Մեր զրուցակիցը նաև շատ կարևոր հանգամանք է համարում այն, որ այդ առաջարկը Հայաստանին արվում է պատերազմից հետո․«Եվ այն իրավիճակում, երբ Հայաստանը թուլացած է, Հայաստանի վրա կան արտաքին ճնշումներ և այդ ճնշումներում նաև անուղղակի մասնակցություն ունի Թուրքիան, որը միջանցքի տրամաբանության առաջամարտիկներից է։ Երկխոսությունը մշտապես հնարավորություն է, բայց միևնույն ժամանակ պետք է շատ աչալուրջ ու զգոն լինենք, որ հանկարծ չձևավորվի այնպիսի օրակարգ, որտեղ փոքրիկ չափաբաժիններով, բայց նախապայմանային տրամադրություններ կմտցնեն։ Համենայնդեպս երկխոսության հնարավորությունը լավ բան է, բայց մենք պետք է շատ ուշադիր լինենք ու մեր պետության շահերի հաշվին որևէ օրակարգ չպետք է ակտուալ դառնա այդ ենթադրյալ ձևաչափում»։
Քաղաքագետն, ամեն դեպքում, չի բացառում այս գործընթացում գերտերությունների հետաքրքրությունները․«Միանշանակ չենք կարող բացառել։ Դրանում շահագրգիռ կարող է լինել և՛ արևմուտքը և Ռուսաստանը, որովհետև Թուրքիան լավագույնս կարողանում է նավարկել արևմուտքի ու Ռուսաստանի միջև՝ լինելով ՆԱՏՕ-ի անդամ, բայց լավագույնս համագործակցել նաև Ռուսաստանի հետ։ Մենք պարզապես պատմական իրողություններ անպայման պետք է հաշվի առնենք։ Երբ ռուս-թուրքական սիրախաղ է առաջացել, արդյունքում տուժել է Հայաստանը։ Ես դրա համար եմ պնդում, որ մենք պետք զգոն ու աչալուրջ լինենք, պատրանքներով չպարուրվենք, ծայրահեղությունների չգնանք՝ ոչ նախաձեռնությունները ողջունելու, ոչ էլ բացասական իմաստով պախարակելու տեսանկյունից։ պետք է գտնենք ոսկե միջինը ու կարողանանք հստակ սահմանելով Հայաստանի շահերը ու դրանք լավագույնս իրականացնել բոլորի շահերի փոխհավասարակշռման սկզբունքի հիման վրա։Այստեղ մեզ դիվանագիտական հասունություն է պետք»,-եզրափակեց նա։