Լոռու մարզի Լեռնապատ համայնքի ՀՀԿ-ական գյուղապետ Վանո Եղիազարյանի դեմ 308-րդ, 314-րդ հոդվածներով և 179-րդ հոդվածի երրորդ մասով (պաշտոնական դիրքի չարաշահում, կեղծիքներ՝ առանձնապես խոշոր չափի դրամի յուրացում) դատական հայց է հարուցվել արդեն մեկ տարի ութ ամիս առաջ, սակայն քննություն չի կատարվում, և գյուղապետը շարունակում է մնալ իր պաշտոնում։ Գյուղի բնակիչների համբերությունը սպառվել է։ Այսօր նրանք եկել են մայրաքաղաք՝ կառավարությունից որևէ միջամտություն պահանջելու և չթողնելու, որ «պեչատը ձեռքին հանցագործը» շարունակի կեղեքել իրենց։
Հիշեցնենք, որ իրեն քննադատող գյուղացիներին Վանո Եղիազարյանը դատի է տվել՝ մեղադրելով զրպարտելու մեջ։ Մինչդեռ գյուղացիները «Ժամանակ» թերթին տված հարցազրույցում հայտնել են միայն այն փաստը, որ գյուղապետի դեմ քրեական գործ է հարուցվել ամիսներ առաջ, և, որ գյուղապետն, իրոք, իր պաշտոնը չարաշահում է։
«Գյուղապետն ու իր հայրը հայտարարում են, թե իրենց դեմ խաղ չկա, իրենց թիկունքին կանգնած է Գարեգինիչը՝ Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործություների դեմ պայքարի վարչության պետ Արմեն Արշակյանը, որ Վանոյի հետ խնամի-բարեկամական կապ ունի: Եվ, իրոք, ամեն փաստ ունենալով՝ մեզ չի հաջողվում ազատվել նրանից։ Խնդրում ենք կառավարությանը միջամտել այս գործին»,- մեզ հետ զրույցում ասում է գյուղի բնակիչ Գևորգ Մելքոնյանը։
Գյուղացիների խոսքերով՝ Վանո Եղիազարյանը նպաստներ է դուրս գրել ու չի բաժանել, անօրինաբար 3.800.000 դրամ է հավաքել գյուղացիներից՝ գազատարներ անցկացնելու անվան տակ, Սամվել Հարությունյանին է վաճառել գյուղի վարչական տարածքից մի մեծ մաս, և իր աշխատակազմում է ներգրավել իր խնամի-բարեկամներին։
Կառավարության քաղաքացիների ընդունման և դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը լեռնապատցիների բողոքին ի պատասխան՝ ասաց. «Դո՞ւք չեք ընտրել այդ գյուղապետին։ Սպասեք մինչև ընտրություններ։ Քննությունն ընթանում է, կառավարությունը իրավասու չէ միջամտել»։






































