Հայտնի է դարձել, որ օգոստոսի 16-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրող ցմահ դատապարտված Էմիլ Վերդյանը հացադուլ է հայտարարել։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը։
«Ինքը հացադուլ է հայտարարել իր քրեական գործի հետ կապված: Ինքն այդպես է ասել: Ուրիշ բան չեմ կարող ասել: Ինքը բողոքում է իր քրեական գործից, իր պատժաչափից»,- ասաց նա՝ նշելով, որ առայժմ դեպքի վերաբերյալ մանրամասներ չի կարող հրապարակել:
Այս տարվա մայիսի 23-ին ԱԺ ընդունած՝ ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքով ազատազրկման առավելագույն պատժաչափը սահմանվել էր 20 տարի՝ նախկին 15 տարվա փոխարեն:
Այսինքն՝ եթե ցմահ դատապարտյալները դատապարտվեին մեր օրերում, հնարավոր է՝ դատապարտվեին մինչև 20 տարի պատժաչափով, ինչպես նախատեսում է ներկայիս օրենքը:









































