
Հայաստանի արտգործնախարարության խոսնակը արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարի խորհրդարանում արած հայտարարությանը, թե Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն հարաբերությունների կարգավորման թեմայով: Չավուշօղլուն այդ մասին հայտարարել էր դեկտեմբերի 13-ին: Հայաստանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Երևանը շարունակում է պատրաստ լինել հայ-թուրքական հարաբերության առանց նախապայմանի կարգավորման և կնշանակի հատուկ ներկայացուցիչ, ինչպես նշանակում է Թուրքիան: Անկասկած է անշուշտ, որ իրականում այս պարզ նախադասությունների հետևում բավականին բարդ գործընթացներ են, և անկասկած՝ ոչ առանց նախապայմանի:
Մտածել, թե Անկարան հրաժարվում է Հայաստանի հետ նախապայմանով խոսելու մտադրությունից, թերևս կլինի մոլորություն կամ միամտություն: Բայց, ի վերջո նաև խոսակցությունն է նաև նախապայմանների չեզոքացման, բովանդակային քննարկումների հնարավորինս հարմար միջավայր ձևավորելու ճանապարհներից մեկը, հատկապես այն պարագայում, երբ հակառակ ճանապարհով ընթանալը կարծես թե չի ուրվագծում որևէ հուսադրող հեռանկար: Չկա երաշխիք որևէ առումով և քաղաքականության մեջ որևէ գործընթացի այսպես ասած ռիսկերի և հնարավորությունների հարաբերակցություն որոշվում է նրանով, թե տվյալ սուբյեկտը որքանով է ի զորու պաշտպանել իր շահն ու ձևավորել իր համար նպաստավոր օրակարգ: Ի վիճակի կլինի՞ Հայաստանը այդպիսի պաշտպանության: Եթե ոչ, ապա խոշոր հաշվով նշանակություն չի ունենալու՝ կա՞ որևէ ուղիղ հաղորդակցություն Թուրքիայի հետ քննարկումների տեսքով, թե՞ ոչ: Ի վերջո մեր շուրջ գործընթացները ծավալվում են և դրանք բազմակի ուժեղ են մեզանից, չմասնակցելով որևէ կանխարգելիչ դեր ունենալու համար, առավել ևս նկատելով այն վերաբերմունքն ու դիրքավորումները, և այն առաջնահերթությունները, որ ունեն արտառեգիոնալ խոշոր խաղացողները: Ի վերջո, եթե նրանք կառավարում են թուրքական վարքագիծը, կամ ռուս-թուրքական հարաբերությունների բարդ մեխանիկան փոխզսպման տրամաբանությամբ, ապա կառավարում են առավելապես իրենց առաջնահերթությունների, ոչ թե Հայաստանի ռիսկերի կառավարման տրամաբանությամբ:
Հայաստանի ռիսկերը Հայաստանի կառավարման խնդիրն են, իսկ այդ առումով Թուրքիայի հետ ուղիղ հաղորդակցության ձևավորումը ռիսկերի կառավարման որոշակի անհրաժեշտություն է, ինչի մասին խոսել եմ բազմիցս՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակի առումով, որքան էլ այդ իրավիճակը բացարձակապես այն չէ, ինչ մենք էինք որպես հանրություն կամ հայություն ցանկանում կամ պատկերացնում: Իսկ թե ինչու ստացվեց այն, ինչ մենք չէինք պատկերացնում, այլ խոսակցության առարկա է: Թերևս նաև այն պատճառով, որ մենք չէինք պատկերացնում նաև մեզ քայլ առ քայլ շրջապատող ռիսկերի խորությունն ու դրանց կառավարման հարցում մեր անելիքները: