Դեկտեմբերի 10-ին լրանում է Արցախի հանրապետության անկախության հանրաքվեի երեսնամյակը: Տարիներ անց այդ օրն էլ ընդունվեց Արցախի սահմանադրությունը: Այդ օրվա առիթով ուղերձ է հղել Արցախի հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Ուղերձի հանգամանքը կարող է թվալ «արարողակարգային», հատկապես այն իրավիճակից, այն ստատուս-քվոյից հետո, որ ձևավորվեց ռեգիոնում և Արցախի շուրջ թուրք-ադրբեջանական պատերազմի հետևանքով: Դրա հետևանքով ամբողջապես փլուզվեց Արցախի շուրջ եղած անվտանգային համակարգը և այսօր այն մեծ հաշվով ռուսական է, կախված Ռուսաստանի խաղաղապահներից, ռուսական քաղաքականությունից: Եվ այդ հանգամանքը արձանագրվել է նաև Արայիկ Հարությունյանի ուղերձում, որտեղ նա նշում է, որ խաղաղապահների ներկայությունը պետք է լինի երկարատև ու հաստատուն՝ որպես անվտանգության երաշխիք: Այդ հարցը հայաստանյան քաղաքական դաշտում, փորձագիտական դաշտում արժանանում է գերազանցապես «քաղաքական ճաշակից» կամ «զգայականությունից» բխող ընկալումների, հաշվի չառնելով առկա իրողություններն ու դրանց ուժը: Մինչդեռ, անկասկած է, որ իրավիճակը պահանջում է առավելագույն սառնասրտություն, ընդուպ, եթե կա այդ իրավիճակը փոխելու և առավել բազմաշերտ և բազմաստիճան անվտանգային համակարգ ձևավորելու մտադրություն ու անհրաժեշտություն: Իսկ դա անշուշտ կա, դա հայկական պետականության կարևոր խնդիրն է թե Արցախի, թե Հայաստանի առումով: Բայց, այդ խնդիրը չի կարող լուծվել առկա իրողություններն ու ուժերի հարաբերակցությունը «հակառակորդ» հայտարարելով և այդ տրամաբանությամբ գործելով, որովհետև դրա հետևանքը կարող են լինել նոր հարվածները՝ մինչ կգա նոր օգնությունը, եթե իհարկե կգա այնպես, ինչպես պատկերացվում է «քաղաքական ճաշակի» կամ «երկրպագության» շրջանակում:
Միևնույն ժամանակ, կասկածից վեր է, որ առանցքային հարցը պետք է լինի Արցախի անվտանգային միջավայրի, արցախյան սուբյեկտության առանցքայի հայկականությունը և անվտանգային հարցերում հայկական սուբյեկտային բաղադրիչների ամրացումն ու խորացումը: Ընդ որում, այստեղ խոսքը չի կարող լինել միայն կենսագործունեության ռազմական բաղադրիչի մասին: Անվտանգությունը համալիր է, փոխկապակցված: Մարտահրավերները ժամանակակից աշխարհում հիբրիդային են, ըստ այդմ հակազդման արդյունավետ միջոցները ևս պետք է լինեն հիբրիդային, ներառելով հասարակական-քաղաքական, պետական կյանքի բոլոր ոլորտները:
Արցախի կյանքի հայկականության խնդիրը այն համահայկական խնդիրն է, որ պետք է ապահովել գործով՝ կենացների, երգերի, հուզական ճառերի և Հայաստանում ու նաև մասնակիորեն Արցախում ծավալվող ներքաղաքական նենգափոխումների ու շահարկումների փոխարեն: Արցախի նախագահի ուղերձը՝ օրվա առիթով, ըստ էության ընդգրկում էր այդ խնդիրների և անելիքների լայն դիապազոնը: Ինչպիսին է Արցախի նախագահի հանդեպ քաղաքական վերաբերմունքը ու գնահատականը, ինչպիսին է ընդհանրապես արցախյան քաղաքական վերնախավի և արցախյան հասարակական-քաղաքական կյանքի համայնապատկերը, սա այլ հարց է: Այստեղ կարծիքները կարող են և թերևս պետք է լինեն տարբեր, բազմազան, սակայն բովանդակային: Ըստ այդմ, Հարությունյանի ուղերձը կարող է դառնալ այդ բովանդակային քննարկումների և բանավեճի ծավալման հիմք, որի քաղաքական և քաղաքակիրթ ձևաչափերրի պահպանումը կարող է միայն ուժեղացնել Արցախն ու Հայաստանը, սպասարկելով նաև հետպատերազմյան հիմնարար մեկ այլ խնդիր՝ արցախյան և հայ-ադրբեջանական հակամարտության լայն շրջանակում Հայաստան-Արցախ փոխհարաբերության բանաձևի խնդիրը, դա այսպես ասած երևացող ու չերևացող մասով: Սակայն ամբողջ հարցն այն է, որ անցնող երեք տասնամյակի գերակշռող մասում արցախյան հարցը եղել է ոչ թե քաղաքականության և քննարկումների առարկա, առանցք, այլ առավելապես հուզական, պաթետիկ խաղարկումների, ինչի հետևանքը եղավ քաղաքական փակուղին, որում բոլոր իմաստներով հայտնվեցին Հայաստանն ու Արցախը քայլ առ քայլ: Իսկ պատերազմից հետո արդեն այդ շրջանակները, որ դրան նախորդող մոտ քառորդ դարը վերածել են քաղաքականությանը փոխարինող պաթոսի, զրկվել են պաթոսը շարունակելու հիմքից, իսկ քաղաքականություն սկսելու թե ցանկություն չունեն՝ շահեկան չէ, թե կարողություն: Խոսքն իհարկե նյութական կարողության մասին չէ, պաթոսի շնորհիվ քառորդ դարում դրանից կուտակվել է լիուլի:










































