Այսօր Կիպրոսի Ներկայացուցիչների Պալատը միաձայն ընդունեց “Հայերի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիան և Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ” վերտառությամբ բանաձևը: Այս մասին տեղեկացնում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը։
Բանաձեւը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ` պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Միաժամանակ այն կոչ է անում միջազգային հանրությանը գործելու այնպես, որի արդյունքում կդադարի Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ, ինչպես նաև հորդորում միջազգային կառույցներին հումանիտար աջակցություն ցուցաբերել Արցախի բնակչությանը:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է․
«Շնորհակալություն Կիպրոս ❗️
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ, իմ լավ բարեկամ Անիտա Դիմիտրիու
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ԼՂ եւ Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձեւ, որով պահանջում է ի կատար ածել 2020 թ-ի նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության դրույթները, այդ թվում գերիների անհապաղ արձակումը: Բանաձեւը նաև դատապարտում է թուրքական ներգրավվածությունը ԼՂ դեմ սանձազերծված պատերազմում»: