Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ն անհանգստացած է օգոստոսի 11-ին Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի, ինչպես նաև երկու հասարակական կազմակերպությունների շենքերի ավերումից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի իրավապաշտպանների խոսնակ Ռուպերտ Կոլվիլը։
Վերջինիս խոսքերով՝ Բաքվի քաղաքապետարանի հրահանգով բուլդոզերներն ուղարկվել են շինությունների ավերմանը՝ առանց նախապես այդ մասին իրազեկելու դրանցում տեղակայված հասարակական կազմակերպություններին. «Այս տարվա մայիսին Բաքվի դատարաններից մեկն արգելել էր ավերել այն շինությունները, որոնցում գտնվել է Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրենի ընտանիքի ունեցվածքը։
Եվ քանի որ քաղաքային իշխանությունները նրանց նախապես չեն իրազեկել շինության ավերման համար, նրանք չեն կարողացել այնտեղից դուրս բերել իրենց թանկարժեք գույքը։ Մենք Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում մանրամասն հետաքննել տեղի ունեցածը և անհրաժեշտության դեպքում համարժեք փոխհատուցում վճարել տուժածներին»։
Կոլվիլը հավելել է, որ ՄԱԿ-ը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել միջազգային համաձայնագրերով ամրագրված սկզբունքներին համապատասխան՝ անվտանգ պայմաններ ապահովել Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի, ինչպես նաև այլ իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության համար։
Կոլվիլն Ադրբեջանի իշխանություններին հիշեցրել է նրանց ստանձնած միջազգային պարտավորությունների մասին, որոնք առնչվում են հարկադիր վերաբնակեցման ու սեփականատիրության իրավունքից մարդկանց զրկման կանխմանը, ինչպես նաև իրավապաշտպանների իրավունքների ու ազատությունների ապահովմանը։
Հիշեցնենք, որ խաբեության միջոցով ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին ու նրա ամուսնուն պատկանող Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի գրասենյակի ավերման համար ադրբեջանական իշխանություններին դատապարտել են Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը, ԵՄ-ը, ինչպես նաև Amnesty International և Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։
Amnesty International-ը հայտարարել է, որ նման կերպ ադրբեջանական իշխանությունները պատժեցին Լեյլա Յունուսին, ով շենքի ավերումից ընդամենը մեկ օր առաջ ամերիկյան The New York Times հեղինակավոր թերթի միջոցով քննադատել էր իրենց։








































