Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մերկելը երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրադրությունը դրամատիկ է անվանել՝ կոչ անելով պատվաստման հետ կապված բոլոր թերահավատներին մտափոխվել: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Գերմանիայում նոյեմբերի 17-ին գրանցվել է կորոնավիրուսի 52 հազար 826 նոր դեպք, որը օրական դեպքերի նոր ռեկորդ է համարվում, 294 մարդ մահացել է՝ ընդհանուր մահերի թիվը հասցնելով 98 հազար 274-ի:
«Ուշ չէ պատվաստվելու առաջին դեղաչափով: Ցանկացած ոք, ով պատվաստվում է, պաշտպանում է ինքն իրեն ու մյուսներին: Եվ եթե բավարար թվով մարդիկ պատվաստվեն, դա կլինի համավարակից ելքի ճանապարհը»,- ասել է Մերկելը քաղաքապետերի հետ հանդիպմանը:
Գերմանիայում պատվաստված է բնակչության միայն 68 տոկոսը՝ ավելի քիչ, քան Արևմտյան Եվրոպայի միջին ցուցանիշն է: Բնակչության 5 տոկոսը բուստերային պատվաստում է արել: