Իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում առավոտվա դրությամբ հարաբերականորեն կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայտնում են պաշտպանության նախարարությունից: Երեկվա մարտերում հակառակորդն ունեցել է մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Պաշտոնական Բաքուն մինչդեռ հայտարարում է ընդամնեը 7 զոհի, 10 վիրավորի մասին։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտերի ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ:
Պողոսյանի համար երեկվա սադրանքը սպասելի էր. «Ադրբեջանը Հայաստանից երկու բան է պահանջում՝ խաղաղության համաձայնագիր և հաղորդակցության ուղիների տրամադրում Սյունիքում:Ադրբեջանը փորձում է ուժով աստիճանաբար բացել միջանցքը»: