Աղբյուրը՝ BBC.com
Անգլիան կարող է դառնալ առաջին երկիրն աշխարհում, որը որպես բժշկական արտադրատեսակ էլ․ սիգարետը կտրամադրի ծխողներին՝ օգնելու թողնել այդ վնասակար սովորությունը։
Տարիների ընթացքում շատ բանավեճեր են եղել այս թեմայով։ Էլ․ սիգարետն ամբողջովին զերծ չէ ռիսկերից, այնուամենայնիվ, այն պարունակում է սիգարետի ռիսկի ընդամենը փոքրիկ մի մաս։ Այն չի պարունակում ածխածնի երկօքսիդ կամ խեժ, որոնք հանդիսանում են սիգարետի ծխի ամենավտանգավոր բաղադրիչները։ Հեղուկը, որը տաքացվում է՝ ներքաշվելու համար, պարունակում է պոտենցիալ վտանգավոր քիմիական նյութեր, որոնք առկա են նաև սիգարետի ծխում, բայց շատ ավելի ցածր մակարդակով։ Այս աէրոզոլը անվանում են գոլորշի կամ վեյփ։ Էլ․ սիարետն ամենատարածված միջոցն է այն ծխողների շրջանում, որոնք ցանկանում են թողնել ծխելը։ Շուրջ 3,6 միլիոն մարդ օգտագործում է էլ․սիգարետ․ այդ մարդկանց մեծ մասը նախկին ծխողներ են։ 2019թ․-ին շուրջ 64,000 մարդ մահացել է Անգլիայում ծխելու հետ կապված հիվանդություններից։
Չնայած վեյփինգի վտանգների մասին վկայությունների տարափին, բժշկական կարգավորումները պետք է «ճանապարհ հարթեն», որպեսզի այն առաջարկվի Առողջապահության Ազգային Ծառայությունում։ Արտադրողները կկարողանան էլեկտրոնային սիգարետներ ներկայացնել Դեղերի և առողջապահական արտադրանքի կարգավորող գործակալություն՝ անցնելու նույն «հաստատման գործընթացն», ինչ մյուս դեղամիջոցները: Սա նշանակում է, որ նրանք կարող են լիցենզավորվել որպես բժշկական արտադրանք և նշանակվել բժիշկների կողմից, այն մարդկանց համար, ովքեր ուզում են թողնել ծխելը։
Ներկայումս Ծառայությունը խորհուրդ է տալիս վեյփինգն օգտագործել ծխելը թողնելու համար, չնայած այն դեռևս հասանելի չէ նշանակումների համար։
Այնուամենայնիվ, վերջերս Առողջապահության Քարտուղար Սաջիդ Ջավիդը նշեց, որ ԱԱԾ-ում լիցենզավորված էլ․ սիգարետի առաջ դռները բացելը կարղ է դրական ազդեցություն ունենալ ծխախոտի մակարդակը երկրում նվազեցնելու համար՝ օգնելով մարդկանց թողնել ծխելը՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում կամ ինչ մասնագիտություն ունեն։
Այս որոշումն ընդունվել է, չնայած Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը անցած տարի նշում էր, որ այս սարքերն «անկասկած վնասակար են»։ Այդ ժամանակ կազմակերպությունը եզրակացրեց, որ չկան բավարար փաստեր, որոնք կփաստեն, որ էլ․ սիգարետն օգնում է թողնել ծխելը։
Անգլիայում արդեն շուրջ 2.7 միլիոն չափահասներ վեյփ են օգտագործում, իսկ ամբողջ արդյունաբերությունը ՄԲ-ում արժե 1 միլիարդ ֆունտ ստերլինգ։
Էլ․ սիգարետը պարունակում է հեղուկ նիկոտին, որը տաքացվում է՝ վերածվելով գոլորշու, որը ծխողը ներշնչում է՝ խուսափելով ծխախոտի կողմից հասցվող վնասներից։ Առողջապահության ոլորտի փորձագետները համաձյն են, որ այս սարքերը շատ ավելի ապահով են, քան սիգարետ ծխելը։
Շատ գիտնականներ անհանգստանում են էլ․ սիգարետում օգտագործվող հոտավետ նիկոտինի ապահովության համար։ Պրն․ Ջավիդը նշում է․ «Երկիրը շարունակում է մնալ առողջապահության ոլորտում համաշխարհային առաջատար՝ ամեն կերպ նվազեցնելով մարդկանց մոտ լուրջ հիվանդությունների զարգացման ռիսկը»։
Չնայած ծխելու մակարդակն այժմ Մեծ Բրիտանիայում ռեկորդային ցածր է, ծխելը դեռ հանդիսանում է կանխարգելի մահերի հիմնական պատճառը։ Անգլիայում կա ավելի քան 6,1 միլիոն ծխող, որոշ վայրերում՝ Բլեքփուլի ու Քինգսթոնի նման, յուրաքանչյուր չորս անձից մեկը ծխում է։ Վեյփինգի կողմնակիցները հղում են կատարում կատարված հետազոտություններին՝ նշելով, որ 2017թ․-ին էլ․ սիգարետն օգնել է շուրջ 50 000 ծխողների Անգլիայում թողնել ծխելը։
Ծխելը թողնել փորձողների հաջողության ամենաբարձր ցուցանիշները այն մարդկանց շրջանում են, ովքեր օգտագործում են էլեկտրոնային սիգարետ՝ իրենց կախվածությունը դադարեցնելու տեղական ծառայությունների հետ մեկտեղ․ մինչև 68 տոկոսը հաջողությամբ թողել է ծխելը 2020/21 թվականներին:
Այնուամենայնիվ, սարքերը քննադատողների կարծիքով հոգեբանական աջակցությունն ամենակարևոր գործոնն է, որը կարող է մարդկանց օգնել թողնել ծխելը։
Լոնդոնի Թագուհի Մարիայի Համալսարանի Ծխախոտի Կախվածությունների Բաժնի պրոֆեսոր Պետեր Հայեկը նշում է․ «Ավելի հավանական է, որ ծխողները օգուտ կքաղեն էլ․ սիգարետից, եթե հնարավորություն ունենան ընտրել համերը, ուժգնությունն ու այն արտադրատեսակները, որոնք իրենց ցանկանում են, այլ ոչ թե սահմանափակվեն լիցենզավորված արտադրատեսակներով»։