«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ալյանս» կուսակցության Գերագույն խորհրդի նախագահ Տիգրան Արզաքանցյանը
-Պարոն Արզաքանցյան, Ձեզ մեղադրանք է առաջադրվել առ այն, որ 2021թ․ մայիսի 25-ին Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող անձնագրային և վիզաների վարչություն եք ներկայացրել կեղծ փաստաթուղթ հանդիսացող տեղեկանք, որ Մոսկվայի տեղեկատվատեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետաշինարարական ինստիտուտում սովորել եք 24.02.2018- 14.06.2019թթ․ ընկած ժամանակահատվածում։ Ի՞նչ կարող եք ասել առաջադրված մեղադրանքի վերաբերյալ։
-Ես տեղյակ չեմ եղել առաջադրված մեղադրանքից, գնացի, նոր իմացա։ Ընտրություններից մի քանի ամիս է անցել, այն ժամանակ պատճառն էլ այն էր, որ ինձ հանեին, չմասնակցեի ընտրություններին։ Հիմա էլ ընթացք են տվել, փաստաբանները զբաղվում են, տեսնենք, ցույց կտան՝ ի՞նչն է կեղծ, ինչն է իսկական։ Հիմա գնահատականս այն է, որ բան ու գործ չունեն, սենց բաներով են զբաղվում, թող փաստաբանները զբաղվեն։ Ինչ ասեմ․․․
-Անհիմն եք համարո՞ւմ մեղադրանքը։
-Հիմա թող քննեն, տեսնե՝ն ինչ է, ինչ չէ, թող քննեն տեսնեն՝ ում մեղավորությունն է, որ էդպես է եղել։ Կեղծիք չկա, օրինական սովորել եմ, իրավաբանին վարձել ենք, նա էլ գնացել է ինստիտուտից վերցրել, ուղարկել է։ Ինձ տեղեկանքն օրինական տվել են, բացի այդ, ընտրություններն էլ վերջացել են, ինչ են ուզում սրանով ասել, չեմ հասկանում։
–Այսինքն՝ առաջադրված մեղադրանքը չեք ընդունո՞ւմ, պնդո՞ւմ եք, որ ոստիկանություն ներկայացրած փաստաթղթերում կեղծիք, ապօրինություն չկա՞։
-Եթե կեղծիք և ապօրինություն կար, ոստիկանությունը ո՞նց ինձ տեղեկանք տվեց, որ գնամ մասնակցեմ ընտրություններին։
-Գուցե գործարքի՞ միջոցով։
-Չէ՛, չէ՛, չէ՛, նման բան չի եղել, իրավաբաններն են զբաղվել։ Ես որ տեսել եմ այդ թուղթը․․․ այդ թուղթը իրավաբան է գնացել վերցրել, ուղարկել էնտեղից, եկել հասել է պասպորտ սեղան, ես էլ գնացել եմ, տեղեկանքն օրինական ստացել եմ։ Հիմա ընթացք են տալիս այս գործին, չգիտեմ՝ ինչ են ուզում դրանով ապացուցել։
-Իշխանության հետ հարաբերությունները ինչպե՞ս են։
-Իշխանության հետ հարաբերությունները գործնական են, մենք ընդդիմություն ենք, իրենք իշխանություն են, մենք աշխատում ենք արտախորհրդարական հանձնաժողովում պրոդուկտիվ, որ ասեմ աշխատանքը պորդուկիտվնի չի գնում, սուտ է։ Ես, ճիշտն ասած, անգամ չէի պատկերացնում, որ սենց արդյունավետ աշխատանք կլինի, որովհետև իսկապես լրիվ ճիշտ ձևով, բոլոր հարցերը վարչապետը մեզ հետ քննարկում է, բան չի թաքցնում։
-Առաջադրված մեղադրանքը Ձեր և իշխանությունների հարաբերությունների վրա ի՞նչ ազդեցություն կունենա։
-Առաջադրվել է, եթե այդպես շարունակեն, ես ինչ աշխատեմ իրենց հետ, էլ իմաստ չկա աշխատելու իրենց հետ։
-Հիասթափվա՞ծ եք։
-Գիտեք՝ եթե ես ամեն ինչին ուշադրություն դարձնեմ, չեմ կարող աշխատել։
Հնարավո՞ր է մեկնեք Մոսկվա։
-Ո՛չ, ես իմ հայրենիքից տեղ չեմ գնա, ես որ Ռուսաստան էլ գնում եմ, գործով գնում եմ, վերադառնում եմ։ Ընտրություններից հետո մի օր ոչ մի տեղ չենք գնացել։
-Ատախորհրդարանական ուժերի հետ վարչապետի՝ այս անգամվա հանդիպումը ինչպե՞ս եք գնահատում։
-Արդյունավետ էր, քննարկումներն արդյունավետ են ընթանում, ճիշտն ասած, ես դաժե ասում եմ, որ չէի պատկերացնում, որ կարող ենք նման անմիջական շփում ունենալ, քննարկել տարբեր հարցեր։










































