Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել է, որ վեթինգի՝ մաքրման, զտման գործընթացը նաև պետք է վերաբերի փաստաբաններին․«Ցավոք սրտի, մեզ մոտ էսպես ընդունված է, գերազանցապես, ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինեմ, բայց էստեղ ճանաչում են ձեռք բերում այն փաստաբանները, որոնք շատ հեշտ են կոմունիկացվում իրավապահ մարմինների, դատարանների հետ տարբեր գործերով: Այսինքն, էս վեթթինգը պետք է ներառի ամբողջ դատաիրավական համակարգը և նրան սպասարկող, աջակցող բոլոր մարմինները»,-ասել է Ջհանգիրյանը։
Փաստաբանական հանրույթը դեմ է վեթթինգին, քանի որ սա իրենց անկախությանը միջամտության փորձ են համարում։
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը թեև հպանցիկ է ծանոթ Ջհանգիրյանի հայտարարությանը, սակայն արձանագրում է՝ հանրության ակնկալիքները ոչ թե փաստաբաններին վեթթինգի ենթարկելն է, այլ դատական համակարգը վեթթինգի ենթարկելու ակնկալիք ուներ մեր հանրությունը։ Այս պահին, նրա խոսքով, կարող ենք արձանագրել, որ այս գործընթացը ոչ միայն հաջողությամբ չի պսակվում, այլև դոփում է տեղում։
«Որքան էլ կարելի է գեղեցիկ միջոցառումներ կազմակերպել և խոսել դատական համակարգում առկա խնդիրների լուծման մասին, մի բան ակնհայտ է, իրականությունը բոլորովին այլ է, իրական կյանքը և դատական համակարգի որոշ սեգմենտներում տիրող տրամադրությունները բոլորովին այլ է։ Որպեսզի առարկայական հնչի ասածս, մեկ գործի վրա ձեր ուշադրությունը հրավիրեմ՝Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ տարին է դատավարությունը ընթանում և այդ գործով մեղադրական եզրակացություն հրապարակված չէ։ Եվ հիմա որքան էլ միջոցառումներ կազմակերպվեն և հայտարարեն, որ համակարգը բարեփոխվում է, իրականությունը այլ է։ Մենք բազմաթիվ այդպիսի գործեր ունենք, որ ողջամիտ ժամկետի բռնաբարման, իրավունքի չարաշահման արդյունքում մենք ուղղակիորեն թքում ենք արդարադատության վրա»,-ասաց Նորիկյանը՝ հավելելով, որ հիմա դատարաններին թողած անցնում են փաստաբաններին։
Եվ եթե նման կերպ դիտարկենք, փաստաբանի խոսքով, ընդհանրապես ամբողջ հասարակությանը վեթթինգի ենթարկելու խնդիր ունենք, պետական ողջ համակարգը վեթինգի ենթարկելու խնդիր ունենք, և առհասարակ մեր մտածողությունը փոփոխության ենթարկելու խնդիր ունենք։
Նորիկյանի խոսքով՝ իշխանությունը կարծում է՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը վեթթինգ է, կներեք, բայց ժողովրդին մոլորության մեջ թող չդնեն, Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով է նախատեսված եղել դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը։
«Եվ ԲԴԽ իրավասությունների իրականացումը վերագրել վեթթինգի, կներեք, ես համաձայն չեմ, որովհետև դուք ուրիշ բան եք անում վեթթինգի անվան տակ, և մեծ կարողություններ ունեցող դատավորին եթե չեն հարցնում՝ որտեղից քեզ այս ունեցվածքը և նա շարունակում է արդարադատություն իրականացնել, կներեք, կարելի է ամեն շաբաթ հավաքվել և գեղեցիկ միջոցառում կազմակերպել, դա իրականությունը չի փոխում»,- հավելեց Նորիկյանը։
Անդրադառնալով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի այն դիտարկմանը, որ ԲԴԽ-ի շնորհիվ վեթթինգի գործընթացը սկսվել է, Նորիկյնաը նշեց, որ վեթթինգը բոլորովին այլ գործընթաց է և այլ բոլորովին այլ հետևանք է ենթադրում․ «Այո՛, կարող է դատավորը ենթարկվել կարգապահական պատասխանատվության, բայց դա որևէ կապ չունի վեթթինգի հետ։ Բացե՛ք 2019-ին գործող կառավարության կողմից ընդունված 2019-23թթ․ դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությունը, տեսեք, որ հաջորդ տարի այն պետք է ավարտվի, և գրված է, որ անցումային արդարադատություն պետք է իրականացնենք․․․կներեք, այդ ԲԴԽ-ից ինձ ո՞վ պետք է վեթթինգի ենթարկի, մի հատ վեթթինգի ենթարկողները վեթթինգի թող ենթակվեն, հետո նոր այդպիսի «ահասարսուռ» հայտարարություններ անեն»։










































