2021թվականի դեկտեմբերի 5-ին Տավուշի մարզի խոշորացված Նոյեմբերյան համայնքում ևս ընտրելու են համայնքապետ և ավագանի: Նոյեմբերյանում այս պահի դրությամբ մրցակցելու են երեք ուժ՝« Հանուն Հանրապետության», «Քաղաքացիական պայամնագիր»,« Ապրելու երկիր» կուսակցությունները: «Առաջին լրատվականը» զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության Նոյեմբերյանի համայնքապետի թեկնածու Մհեր Աղամյանի հետ:
-Ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել Նոյեմբերյանի համայնքապետի պաշտոնում: Ինչպե՞ս ստացվեց «Հանուն Հանրապետություն» կուսակցության հետ Ձեր համագործակցությունը:
-«Հանուն Հանրապետության» կուսակցության ակտիվ անդամներից մի քանիսի հետ անձնապես ծանոթություն, սերտ շփում կար: Այնպես որ հետևել եմ անընդհատ կուսակցության գործունեությանը, նախաձեռնությունների ու շատ կարևոր, օգտակար նախագծերին, հավանել եմ շատ գաղափարներ, ծրագրեր: Բացի այդ՝ ճանաչում և մեծ հարգանք եմ տածում Արման Բաբաջանյանի, նրա քաղաքական գործունեության հանդեպ: Հանուն Հանրապետության կուսակցության գործունեության մեջ ամենից շատ գնահատել եմ հեղափոխական արժեքների հանդեպ հավատարմությունը, նվիրվածությունը: Ինձ համար վաղուց պարզ է, որ այս մարդիկ ավելի շատ են ցանկանում և պատրաստ են պահպանել այդ արժեքները, քան կարողանում են պաշտպանել հեղափոխոություն գլխավորած ուժի ներկայացուցիչները: Շատ եմ կարևորում նաև մեր կուսակցությանը բնորոշ պետականամետությունը, գաղափարականությունը: Բացի այդ՝ շատ գնահատելի է ինձ համար կուսակցության ընդհանուր թիմի որակը: Այստեղ հավաքված են շատ լավ պատրաստված մասնագետներ, անձինք, ովքեր աչքի են ընկնում նաև մարդկային բարձր արժանիքներով: Մեր շփումների ընթացքում՝ դեռևս այս տարվա ԱԺ ընտրություններից առաջ, առիթ է եղել, հայտնել եմ իմ՝ համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համայնքի կառավարելու մտադրության մասին, հետո այդ հարցում ստեղծվել է մեր միջև համագործակելու համաձայնություն, ինչի համար շատ ուրախ եմ: Ես ներկայումս զբաղվում եմ գործարարությամբ: Ընտրվելու դեպքում պատրաստ եմ թողնել այն և ստանձնել համայնքի ղեկավարի պաշտոնը՝ մեծ պատասխանատվությամբ կատարելու իմ պարտականությունները:
Ինչպե՞ս կգնահատեք ներկայիս համայնքապետի գործունեությունը:
-Մեր սպասելիքները չեն արդարացրել: Կարծում եմ՝ Նոյեմբերյանի զարգացման ոչ բոլոր հնարավորություններն են օգտագործվել, հատկապես այգեգործությամբ և անասնապահության զարգացման հարցում: Ես մեծ փոփոխություն չեմ տեսել այս կարևոր ճյուղերի զարգացման հարցում. Օրինակի համար մեծ աջակցություն չեմ տեսել բերքի մթերման և ընդհանրապես մշակման խնդիրներում: Համայնքում ներդրումներ գրեթե չեն կատարվում, անգամ՝ այստեղ ծնունդ հանդիսացող խոշոր գործարարների հետ չեն կարողանում ինչ-որ ներդրումային ծրագիր իրագործել: Բացի այդ՝ կարծում եմ, ավելի արդյունավետ կառավարման դեպքում հնարավոր էր խմելու, ոռոգման ջրի խնդիրը ավելի լավ կարգավորել, որ խնդիրներ չառաջանային: Կարծում եմ՝ճիշտ կլիներ՝ ստեղծեին այլընտրանքային կաթիլային ոռոգման համակարգ:
–Ինչպե՞ս եք պատրաստվում անցկացնել քարոզարշավը: Անաչառ, հավասար պայմաններով քարոզարշավ և ընտրություններ ակնկալո՞ւմ եք:
-Աշխատելու ենք հնարավորինս շատ շփվել մարդկանց հետ, փողոցներով պտտվելու ենք, եթե համավարակը, դահլիճային հանդիպումներ, հավաքներ էլ կունենանք: Այդ ընթացքում լսելու ենք մարդկանց բարձրացրած խնդիրները, առաջարկները, վերլուծել դրանք: Հանդիպումների ընթացքում ոչ մի դեպքում իրականությունից դուրս խոստումներ չենք տալու, այսպես ասած՝ ձայն հավաքելու համար ոսկե սարեր չենք խոստանալու: Անկեղծ ասած, ուրիշ բնակավայրերում չգիտեմ ՝ ինչպես է, բայց վերջին տարիներին մեզ մոտ մարդիկ սովորել են, որ իրենցից է կախված համայնքի ապագան, կառավարումը, որ իրենց ձայնը որոշիչ է, և եթե անգամ լինեն վարչական ինչ-ինչ չարաշահումներ, չեմ կարծում տուրք կտան դրան, կամ դա որոշիչ ազդեցություն կունենա արդյունքների վրա, թեև մտածում եմ, որ մեծ խախտումներ, չարաշահումներ հաստատապես չեն լինի: Քարոզարշավն, ըստ ինձ, կանցնի կոռեկտ, համերաշխ մթնոլորտում՝առանց ավելորդ լարվածության:
Ընտրվելու դեպքում ո՞ր խնդիրները առաջին հերթին կլուծեք: Ընդհանրապես համայնքի զարգացման ի՞նչ ծրագիր եք նախատեսում Նոյեմբերյանի համար:
– Հիմա արդեն աշխատում ենք համայնքի զարգացման ծրագրի վրա, դեռ պատրաստ չի, բայց կարող եմ նշել խնդիրները, որոնք կլուծեի ընտրվելու դեպքում: Դրանք են՝ տնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելը, ոռոգման, խմելու ջրի խնդիրների լուծումը, կաթիլային ոռոգման ստեղծելը, հնարավորինս շատ ներդրումային ծրագրերի իրականացմանը նպաստելը, կրթական ոլորտի խնդիրները լուծելը, բյուջեի հնարավորությունները ավելի օպտիմալ օգտագործելը, ավելի մեծ ծավալով ենթակառուցվածքներ նորոգել կամ կառուցելը: Այս առումով կցանկանամ շեշտել, որ առաջին հերթին ինձ համար կարևոր է համայնքի իշխանության աշխատելաոճն ու սկզբունքները, օրինակ՝ համայնքի բնակիչների հետ սերտ կապի պահպանումը, նրանց լսելու կարողությունը, աշխատանքում թափանցիկ, հաշվետվողական լինելը, և իհարկե, նվիրվածությունը:
–Ընտրվելու հնարավորություններն ինչպե՞ս եք գնահատում: Ի՞նչ կցանկանաք հաղորդել Ձեր ընտրողներին: Ո՞ր ուժի հետ եք պատրաստ կոալիցիա ձևավորել:
-Ես , որպես 25 հոգուց բաղկացած ավագանու թեկնածուների առաջին համար, կարող եմ ասել, որ բավականին բարձր են մեր հնարավորությունները, ինչը արդեն երևում է: Մարդիկ բավականին մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մեր թիմի հանդեպ, արդեն հայտնում են իրենց տրամադրվածության, մեր հանդեպ հավատի, սպասելիքների մասին: Ընդհանրապես բնակիչները ուշադրությամբ են հետևում գործընթացներին: Կարող եք գալ աձամբ համոզվել իմ ասածում: Այս պահի դրությամբ միանձնյա առաջատար ուժ, կարծում եմ, չկա; Ինչ վերաբերվում է՝ որ ուժի հետ ենք պատրաստ կոալիցիա կազմել, կասեմ, որ նախ՝ դեռ կոալիցիայի մասին չենք մտածում, այլ միայն 50+ հաղթանակի, ապա՝ միայն ընտրությունից հետո արդյունքների հիման վրա՝ կարող ենք ասել՝ կոալիցիայի պատրաստ ենք այդ ուժի հետ թե ոչ, բայց միանշանակ հանուն համայնքի շահերի՝ պատրաստ ենք հաշտ ու կառուցողական մթնոլորտում համագործակցել, միասնաբար կառավարել և զարգացնել մեր համայնքը:
Մենք սպասում ենք միայն թափանցիկ,հավասար,անաչառ ընտրությունների: Համենայնդեպս մեր թիմով պատրաստ ենք անել հնարավորը,որ քարոզարշավն ու ընտրություններն անցնեն առանց օրենքի խախտումների, բարձր մակարդակով: Ես մտածում եմ, որ մեր ընտրողները կոտրել են իրենց մեջ ծանոթ-բարեկամ-խնամի մոտեցումով ընտրություն կատարելու վատ ավանդույթը և այս անգամ էլ կընտրեն խղճի մտոք, իրենց համոզմունքներով: Ես միայն կհորդորեմ, որ առաջնորդվեն միայն այսպես:










































